Մատչելիության հղումներ

Ալբերտ Բազեյանը մեղադրվում է վարչապետի դեմ մահափորձ ծրագրելու համար. նա մեղքը չի ընդունում


Օրերս ձերբակալված Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանին Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է վարչապետ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու, նաև իշխանության զավթումը կազմակերպելու համար։ Վերագրվող արարքները, սակայն, ըստ իրավապաների, Բազեյանը ավարտին չի հասցրել անկախ իր կամքից։

Փաստաբան Գեորգի Մելիքյանն «Ազատությանը» փոխանցեց, թե ԵԿՄ նախկին փոխնախագահին մահափորձի հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, բայց մեղադրականում անդրադարձ կա այդ մասին։ «Մեղադրանքի մեջ նաև նշել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում, որ նման բան է պլանավորել», - նշեց փաստաբանը։

Գործը քննող ԱԱԾ-ն, սակայն, երեկ տարածած հաղորդագրության մեջ անձամբ Փաշինյանի նկատմամբ պլանավորվող մահափորձի մասին որևէ տեղ չի նշել։ Իրավապահ կառույցը հայտնել է միայն, որ Բազեյանն ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ձերբակալված 7 անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, ստեղծել պայմաններ իշխանությունը յուրացնելու համար, բայց իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել։

Բազեյանը, փաստաբանի փոխանցմամբ, մեղքը չի ընդունում, ավելին՝ պնդում է, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում. - «Բազեյանը դա որակել է քաղաքական հետապնդում, այսինքն՝ թիրախավորված իր անձի հանդեպ, ըստ էության, այս լարված քաղաքական միջավայրում»։

Իրավապահներից փաստաբանը պահանջում է առերեսումներ անցկացնել «Խաչակիրների» հետ։ Նրանց ղեկավար Սարգիս Պողոսյանի հետ այսօր կապ հասատել «Ազատությանը» չհաջովեց, ձերբակալվածների շարքում նրա տվյալները չկան։ Ամիսներ առաջ «Խաչակիրները» Հայաստանի իշխանություններից պահանջում էին բացել Լաչինի միջանցքը՝ հայտարարելով, թե հակառակ պարագայում իրենք կանեն դա։ Նրանցից ոմանք անգամ հասել էին Կոռնիձոր։

Բազեյանի փաստաբանի խոսքով՝ պաշտպանյալը մեղադրյալներից մեկից բացի, ոչ մեկին չի ճանաչում և ինչպե՞ս կարող էր նրանց հետ իշխանությունը զավթելու գործողություններ պլանավորել։

«Ընդհանուր առմամբ շինծու մեղադրանք է, բայց ոչ թե որպես ստանդարտ ձևակերպում եմ ասում, որ շինծու է, այլ ակնհայտ ապօրինի մեղադրանք է, որովհետև շատ հանգամանքներ կա՝ մենք բարձաձայնել ենք, որ այդ անձանցից միայն մեկին է ճանաչել, մեկն է իր անդամ եղել, այդ անդամությունից էլ երկու ամիս առաջ հեռացվել է», - ասաց նա։

67-ամյա Բազեյանը հաճախ երևում է իշխանափոխություն պահանջող Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքներին։Գործին առնչվող այլ մանրամասներ փաստաբանը դեռ չի հրապարակում։ Ասաց միայն, որ ԱԱԾ-ն այսօր դատարան է դիմել՝ Բազեյանին կալանավորելու համար։

Իրավապահները ևս պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ մանրամասներ չեն բացահայտում։ Հաղորդել են միայն, որ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և հասարակական կազմակերպությունում և հայտնաբերել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր և այլն։ Խուզարկել են նաև Բազեյանի բնակարանը։ Բայց թե արդյոք զենք հայտնաբերել են, փաստաբանը չմանրամասնեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG