Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է Պակիստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրին։

Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Ալիևը նշել է, որ երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, ներառյալ ռազմական ոլորտը։

Նա բարձր է գնահատել Պակիստանի կառավարության և ժողովրդի կողմից Ադրբեջանին ցուցաբերած մշտական աջակցությունը:

«Այն, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել նրա ագրեսիայի պատճառով՝ Ադրբեջանի հանդեպ եղբայրական վերաբերմունքի դրսևորում է»,- նշել է նախագահը:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև կա հաջող համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում և կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը:

Անդրադառնալով միջազգային ասպարեզում երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցին՝ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ Պակիստանի վեճում մշտապես աջակցում է Պակիստանին։

Ալիևը վստահություն է հայտնել, որ Մունիրի այցը կամրապնդի երկու երկրների համագործակցությունը։

Մունիրն, իր հերթին շնորհավորել է պետության ղեկավարին «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակի և այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների իրականացման գործում Ադրբեջանի հաջողության կապակցությամբ»։

XS
SM
MD
LG