Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել իր տարածքով տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին Սուխումիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան՝ ակնարկելով, որ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծումը կարող է նվազեցնել աբխազական երկաթուղու կարևորությունը՝ հատկապես հայ-ռուսական երկկողմ բեռնափոխադրումների տեսանկյունից։
«Հաշվի առնելով, թե ինչպես են հանգամանքները դասավորվում Ադրբեջանում և Հայաստանում, այդ միջանցքի գոյությունն այնտեղ ապահովվելու է։ Հետևաբար, ի հայտ է գալիս հաղորդակցության այլընտրանքային մի տարբերակ՝ Դաղստանով, որտեղ ևս երկաթուղի գոյություն ունի։ Աբխազիան ևս կարող է ինտեգրվել այս ողջ պատմությանը, եթե մենք նման պատրաստակամություն հայտնենք, եթե նման պատրաստակամություն հայտնի վրացական կողմը», - հայտարարել է նա՝ պնդելով ,որ երկաթուղու վերագործարկումը բխում է Աբխազիայի շահերից։
Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին, որով խորհրդային տարիներին տեղափոխվում էր Անդրկովկասի համար նախատեսված բեռների 12-ից 15 տոկոսը, դադարեց գործել 1992-ի օգոստոսին՝ վրաց-աբխազական պատերազմի պատճառով։ Այդ ժամանակ դա Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը կապող միակ երկաթուղին էր մնացել, ադրբեջանականը Հայաստանի համար պարբերաբար փակվում էր 1989 թվականի աշնանից, իսկ 90-ականների սկզբից բեռնատար և ուղևորատար փոխադրումներն այդ ճանապարհով ընդհանրապես դադարեցվեցին։
Հետագա տասնամյակներին չնայած Մոսկվայի և հատկապես Երևանի լոբբիստական ջանքերին՝ աբխազական երկաթուղին այդպես էլ չվերաբացվեց՝ նախ և առաջ վրացական կողմի առարկությունների պատճառով։ Պաշտոնական Թբիլիսին պնդում էր, որ երկաթուղին պետք է գտնվի վրացական իրավասության ներքո, և հենց վրաց սահմանապահներն են, որ պետք է ստուգեն Ռուսաստանից Աբխազիա մուտք գործող բեռները։ 2011-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության շրջանակներում Մոսկվան և Թբիլիսին համաձայնագիր ստորագրեցին, որով նախատեսվում էր, որ Աբխազիայով բեռների տարանցումը կազմակերպվելու է անկախ օպերատորի՝ շվեյցարական SGS ընկերության մասնակցությամբ։ Այս ծրագիրը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ավելին, աբխազական երկաթուղու մի հատվածն այժմ ընդհանրապես անանցանելի է։
«Վերջերս մեզ մոտ էր «Ռուսաստանյան երկաթուղիների» մասնագետների ներկայացուցչական խումբը։ Դա նրանց երկրորդ այցն էր Աբխազիա։ Նրանք մեկնել էին աբխազական երկաթուղու արևելյան հատված։ Գիտեք, որ այնտեղ՝ Օչամչիրայից հետո, ուղիների վերին հատվածը բացակայում է։ Այդ հատվածում գտնվող ուղիները, կամուրջներն ու թունելները կա՛մ վթարային վիճակում են, կ՛ամ ամբողջությամբ ավերված են, և դրանք հարկավոր է վերականգնել։ Այդ հանձնաժողովի այցերից հետո այժմ հաշվարկներ են կատարվում, թե այդ ամենը որքան կարող է արժենալ», - ասել է Բժանիան։
Աբխազիայի ղեկավարի խոսքով, սակայն, երկաթուղու բացումը միայն տնտեսական գործոններից չէ, որ կախված է։
«Որպեսզի Աբխազիայի տարածքով երկաթուղային տարանցիկ փոխադրումներ իրականացվեն, հարկավոր է կարգավորել մի շարք հարցեր՝ քաղաքական բաղադրիչը, ինչպես նաև այդ ծրագիրը պետք է տնտեսապես շահավետ լինի։ Իհարկե, համեմատած Դաղստանի հանրապետության տարածքով անցնող երթուղու հետ, [աբխազականը] տնտեսապես ավելի շահավետ է, հատկապես եթե հաշվի ենք առնում կապը Ռուսաստանի եվրոպական հատվածի հետ։ Բայց այլընտրանք միշտ էլ կգտնվի, այնպես որ մենք այս խոսակցությանը պատրաստ ենք, աշխատում ենք այս ուղղությամբ և համապատասխան առաջարկներ ենք նախապատրաստում», - նշել է Ասլան Բժանիան։