Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանի հարցաքննությունը «կապ չունի Բաբայանի հաղորդման հիման վրա հարուցված գործի հետ»


Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 13 -ին հարցաքննվել է Հայաստանի ԱԱԾ-ում վկայի կարգավիճակով։ Թե ինչ գործով, նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը չի բացահայտում՝ պնդելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

Ամեն դեպքում փաստաբանը վստահեցնում է՝ քրեական գործը, որի շրջանակներում Բալասանյանին հարցաքննել են, կապ չունի Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ հոկտեմբերի 6 -ի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի հետ։

«Սամվել Բաբայանը ընդհանրապես Վիտալի Բալասյանի հետ կապված որևէ հայտարարություն չի արել»,- պնդեց Ռաֆայել Մարտիրոսյանը, վստահեցնելով, որ բացառում են, թե Բալասանյանի կարգավիճակը կարող է փոխվել։
«Վիտալի Բալասանյանի նկատմամբ քաղաքական հետապնդման հիմքեր ընդհանրապես մենք չենք տեսնում», - ասաց նա։

Փաստաբանը պնդում է՝ կարճատև հարցաքննությունը կապ չունի նաև Արցախում Բալասանյանի դեմ դեռ ամռանը հարուցված քրեական գործի հետ։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին մեղադրանք էր առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և թմրամիջոցներ պահելու համար։ Այս տարվա հուլիսին նա ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց։ Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ այս քրեական գործը Արցախում կարճվել է, այդ մասին իրենց բանավոր տեղյակ են պահել Ստեփանակերտում բենզինի պահեստի ողբեգական պայթյունի օրերին։ Պաշտոնական փաստաթուղթ, սակայն, չեն ստացել։

XS
SM
MD
LG