Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը


Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է նրան կալանավորելու՝ իրավապահների միջնորդությունը։

64-ամյա Բալասանյանը ձերբակալվել էր իր առանձնատան խուզարկության ընթացքում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական հոդվածով։

«Միայն հրապարակման եզրափակիչ մասին եմ ծանոթ, մերժել է միջնորդությունը», - «Ազատությանը» փոխանցեց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանն այլ հարցերի չպատասխանեց, խոստացավ՝ ավելի ուշ խոսել։
«Մնացած հանգամանքների մասին այս պահի դրությամբ ես պատրաստ չեմ որպեսզի սպառիչ պատասխաններ տամ, հավանաբար մենք հանդես կգանք և պատրաստ ենք լինելու ձեր բոլոր հարցերին պատասխանել», - ասաց բարձրաստիճան նախկին պաշտոնյայի փաստաբանը։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն, եղբորը։ Նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել։

Արցախի դատախզությունն այս ձերբակալություններից հետո հաղորդագրություն էր տարածել, որում Բալասանյանի որդու անունն էր մատնանշվում։ Ըստ իրավապահների՝ նրան «տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային»։ Մինչդեռ Բալասանյանները վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն են համարում։

Դատախազությունն ավելի վաղ էլ հայտնել էր, որ Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործ է հարուցվել, թե ինչ քրեական գործ է դա, ու ինչ կարգավիճակ ունի Բալասանյանը դրանում, գերատեսչությունից ամիսներ շարունակ չեն հայտնում։

64-ամյա Բալասանյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել էր այս տարվա հունվարին։ Պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց նրան հեռացնելու պատճառը։ 44-օրյա պատերազմից հետո հենց նա էր հումանիտար հարցերի շուրջ բանակցում ադրբեջանական կողմի հետ։ Անցած տարվա դեկտեմբերի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին անգամ մի քանի ժամով արգելափակեցին Ստեփանակերտ - Գորիս ճանապարհը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Բալասանյանն էր մասնակցում ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների հետ հանդիպմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG