Մատչելիության հղումներ

Իսրայելի պահանջը. 1 միլիոն 100 հազար պաղեստինցի պետք է հեռանան Գազայից


Հրթիռակոծվող Գազան, 13-ը հոկտեմբերի, 2023թ.
Հրթիռակոծվող Գազան, 13-ը հոկտեմբերի, 2023թ.

«Տարհանումը կհանգեցնի ավերիչ հումանիտար հետևանքների»

1 միլիոն 100 հազար պաղեստինցի պարտավոր է 24 ժամում հեռանալ Գազայի հատվածից. Իսրայելի պահանջն է:

Դրա մասին Իսրայելն արդեն տեղեկացրել է միջազգային համայնքին, այդ թվում՝ ՄԱԿ-ին: Համաշխարհային գերպետական այդ կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե «այսօրինակ հսկայածավալ տարհանումը կհանգեցնի ավերիչ հումանիտար հետևանքների»:

Նրա փոխանցմամբ, տարհանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ տարածաշրջանում ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և այդ կառույցի հետ առնչություն ունեցող հիմնարկներում՝ դպրոցներում, բուժկենտրոններում ապաստանած մարդկանց:

«Գազան այլևս երբեք հին տեսքը չի ունենա»

Դեռ երեկ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին ասել է, թե Գազան այլևս երբեք հին տեսքը չի ունենա:

«Մեր երեխաների, կանանց և տղամարդկանց դեմ «Համաս»-ի ահաբեկիչ-գազանների կատարած հանցանքն անմարդկային էր: Բանակը կռվում է անգութ ահաբեկիչների դեմ: Մենք գրոհելու ենք, մենք ոչնչացնելու ենք նրանց: Իմ հրամանատարության տակ գտնվող բանակը գիտակցում է խնդրի կարևորությունը», - հայտարարել է իսրայելցի բարձրաստիճան սպան:

Նրա խոսքով, պետությունը դեռ պետք է վերլուծի և հասկանա, թե ինչու անցած շաբաթ օրը խոցվեց պաշտպանությունը, բայց հիմա կռվելու ժամանակն է:

Հերցի Հալևին սպառնացել է, թե ներում չի լինի, իսկ ով ի վերջո կմնա Գազայի հատվածում, արդեն լավ կհասկանա, որ նման բաներ Իսրայելի պետության դեմ չի կարելի անել:

«Փառք տիրոջը, մեր նահատակները հիմա դրախտում են»

Պաղեստինցիներն էլ նույն մեղադրանքները ներկայացնում են Իսրայելին և հրեական բանակի աներևակայելի չարության և անմարդկային կեցվածքի մասին են խոսում: Գազայի հատվածում բնակելի տներն իսրայելյան հրթիռների հարվածներից վերածվել են ավերակների:

«Մեր թշնամիները ստոր են, չարիք են, նրանք երեխաներին են սպանում, նրանք մարդ չեն, ինչո՞ւ են այդպես անում: Փառք տիրոջը, մեր նահատակները հիմա դրախտում են, բայց շատ ծանր է, շատ տխուր է, երբ տունդ ես կորցնում: Բայց ոչինչ, մենք այդ տների փոխարեն ամրոցներ կսարքենք», - ասել է Խան Յունուս ավանի բնակիչ Մոհամեդ Աբու Օլան:

Իսրայելին քննադատում են անհամաչափ ուժ կիրառելու համար

Կարմիր խաչն ահազանգում է մեծածավալ մարդասիրական ճգնաժամի մասին: Ոչ միայն արաբական կամ մահմեդական երկրներում, այլև Գազայի հատվածից հեռու գտնվող Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում տեղի են ունենում ցույցեր պաղեստինցիներին սատարելու և Իսրայելի բանակի չափազանց կոշտ գործողությունները դատապարտելու կարգախոսներով:

Նույնիսկ Իսրայելին մշտապես սատարող Միացյալ Նահանգներն է կոչ անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց: Այդ մասին է նախօրեին Իսրայելում հրեից պետության ղեկավարներին է ասել պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, նույն պատգամը այսօր նրանց փոխանցում է Իսրայել ժամանած պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը:

Երկուսն էլ ընդգծում են, որ Ամերիկան եղել է և կմնա Իսրայելի հավատարիմ դաշնակիցը, բայց և նկատել են տալիս, որ քաղաքացիական բնակչությանը հավաքական պատժի ենթարկելն անընդունելի է:

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անիրատեսական է անվանել 24 ժամում 1 միլիոն պաղեստինցիների Գազայից տարհանելու Իսրայելի պահանջը:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն էլ Բլինքենի հետ հանդիպմանն ասել է, որ կտրականապես դեմ է պաղեստինցիներին Գազայի հատվածից տարհանելու Իսրայելի պահանջին:

XS
SM
MD
LG