Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը


Բաքվում մեկնարկել Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը՝ Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Խաչատուրյանի իրավունքները պաշտպանում է Նաթիգ Բեյբալաևը։

APA-ն նշում է, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ, այսօր հստակեցվել են գործով մեղադրյալների և 59 տուժածների անձնական տվյալները։

Դատավարությանը որպես տուժող ներկա էին Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Մուրադ Հուսեյնովը և Մեշալի գյուղի բնակիչ Հուսեյն Գումբատովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նաև դատարանից լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում տելեգրամյան ալիքներում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։

Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։

XS
SM
MD
LG