Մատչելիության հղումներ

«Բաքուն հեռու գնացող նպատակներ ունի»․ ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունները


Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան
Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունները, որոնց մեջ է նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։

Ընդգծելով, որ նրանց գերեվարումը և կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է՝ ՀՅԴ Բյուրոն շեշտում է՝ Բաքուն հեռու գնացող նպատակներ ունի։

«Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման և արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել», - ասված է հայտարարությունում։

Բյուրոն կոչ է անում Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, ինչպես նաև աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակներին՝ գործադրել քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն հաղորդեց երկու օր առաջ։

Ադրբեջանն ավելի վաղ կալանավորել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG