«Շինարարության վերջին փուլում էինք, արդեն վանականների կացարաններին էինք հասել», - ասում է Ամարասի վանահայրը։
«Ունենք կոնֆերանս դահլիճ, կիրակնօրյա դպրոցի երեխաների համար դասասենյակներ», - ասաց Ամարասի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը։
Լուսավորչի հիմնած 4-րդ դարի վանական համալիրը որտեղ մաշտոցյան առաջին դպրոցն է, որտեղ սուրբ Գրիգորիսի դամբարանն է, երրորդ օրն է Ադրբեջանի հսկողության տակ է։ Տեր Սեպուհ քահանան մի քանի ամիս առաջ առողջական խնդրով Հայաստան էր եկել և բոթը լսել է Ստեփանակերտից։
«Ինչքան ծառայել եմ, Ամարասին երբևէ չեն կրակել, մտածում էինք, որ լավ կլինի, մենք ուզում էինք շենացնել», - «Ազատությանն» ասաց քահանան։
Ամարասը մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ է, քահանան գիտի որ գյուղից մարդիկ տարհանվել են, արդյոք ադրբեջանցի զինվորները վանք են մտել, ճշտել չի կարողանում, չգիտի որտեղ են վանքի հսկիչները, մաքրուհին։
44-օրյա պատերազմից հետո Ամարասը բառացիորեն շփման գծում էր հայտնվել և ուխտավորներն այստեղ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ էին գալիս։ Վանահայրն ասում է՝ երբեք չեն տագնապել, թե կկորցնեն վանքը, թե չէ կմտածեին մասունքները դուրս բերելու մասին։
Վերջին երեք տարում արցախի բազմաթիվ եկեղեցիներ ու սրբավայրեր են ավերվել Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո;
«Կարող էինք, բայց չգիտես պատերազմ երբ կլինի, սրանք մարդկության, հայության սրբություններ են, որ հայի հետ պիտի լինեն», - ասաց քահանան։
Մարտակերտի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու քահանան, որ նաև շրջանի մի քանի գյուղերի հոգևոր հովիվն է, մնացել է Մարտակերտում, բնակիչների հետ շրջափակման մեջ։
«Բերել են այն բանի, որ Մարտակերտը շրջափակել են։ Ասենք՝ Ստեփանակերտ գնացող բոլոր ճանապարհները շրջափակել են, Ճանկաթաղով ճանապարհը չկա, որովհետև այնտեղ Գյուլաթաղն (Վարդաշեն) է, Վարդաշենով է ճանապարհը գալիս մտնում Ճանկաթաղ գնում՝ նոր էին արել էդ ասֆալտը, Վարդաշենն ասեցին, որ վերցրել են արդեն և, եսիմ, ասին, որ Դրմբոնն են վերցրել, երկրորդ ճանապարհն էլ Դրմբոնով է», - ասաց Մարտակերտի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը։
Մարտակերտի շուրջբոլորն ադրբեջանցիներ են, Գանձասար մտել են, թե ոչ, պարզել չի կարողանում։
«Առայժմ բանակցություններ չեն եղել, քանի դեռ որոշ հստակություն չկա, մի քիչ էլ անորոշ է մեր վիճակը», - ասաց Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը։
Ժողովուրդը կոտրված են, ուզում են դուրս գալ, ինչպե՞ս՝ դեռ պարզ չէ։ Քահանան ասում է՝ պարզ է միայն այն, որ չեն ուզում ապրել իրենց սովի մատնած, ապա ցամաքից ու օդից իրենց վրա ռումբեր նետած Ադրբեջանի հետ։
«Ունեն են էդ ադրբեջանցիների հետ ապրելու դառը փորձը», - ասաց քահանան։