Ամարասի վանական համալիրում Արցախի դրոշի ոդիսականը փոխզիջմամբ է հանգուցալուծվել. ադրբեջանցիները հետ են քաշվել, փոխարենը դրոշն է իջեցվե։ Միջնորդը ռուսական կողմն է եղել։
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցի զինվորականները 4-րդ դարում հիմնված վանական համալիրի մոտակայքում են տեղակայվել. հայերն էլ այստեղ Արցախի դրոշն են բարձրացրել։ Այս պատմության ականատես, վանական համալիրի պահակ Կարլեն Հովհաննիսյանը պատմում է, որ օրեր առաջ ադրբեջանցիները իրենց դիրքերից առաջ էին եկել, հայերը ռուսներին են դիմել, որոնք, համաձայնության գալով ադրբեջանցիների հետ, Արցախի դրոշը հանելու տարբերակն են առաջարկել. - «Հետո նորից բերեցին դրեցին մերոնք, նորից էկան հանեցին։ Հաջորդ իրիկունը էլի բերել են դրել, մեկ էլ երեկ եկան հանեցին տարան»։
Մարտունու շրջանում գտնվող Ամարասի վանքը պատմության ընթացքում տարբեր արշավանքների ժամանակ ավերվել ու կողոպտվել է։ Վերջին պատերազմի ընթացքում ևս եկեղեցու մոտակայքում մարտեր ընթացել են, բայց այս անգամ Ամարասը մեծ վնասներ չի կրել, պայթյուններից ապակիներն են կոտրվել։
Վանքը, Կարլեն Հովհաննիսյանի խոսքով, ավելի շատ վնասվել է 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում. - «Դիմացի պատը շատ էր վնասվել, պարիսպներն էր վնասվել։ Մեծ ճակատամարտ ա եղել էս տարածքում»։
Վանական համալիրի պահակը սրտնեղում է՝ պատերազմից հետո այցելուների հոսքը նվազել է, հայերը Ամարաս են այցելում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ըստ խաղաղապահ առաքելության հաղորդագրության, շփման գծին մոտ լինելու պատճառով այցերի ընթացքում խաղապահների ներկայությունը անհրաժեշտ է։
«Եկեղեցում սարկավագ է ծառայում, պատարագներին քահանաներ են գալիս», - ասում է Կարեն Հովհաննիսյանը։
Արդեն ութ տարի այստեղ աշխատող Կարլեն Հովհաննիսյանը վանական համալիրի պատմությունը լավ գիտի. կես կատակ կես լուրջ ասում է՝ զբոսավարների գործն էլ է անում. - «Որ ճիշտը իմանան»։
Ամարասում այժմ շինարարություն է ընթանում, վերանորոգում ու վերականգնում են բազմաթիվ փորձությունների միջով անցած համալիրը։ Նկարահանումների ընթացքում վանքում այցելուներ չկային, ոչ էլ ռուս խաղաղապահների նկատեցինք։ Ուխտավորներն այստեղ հիմնականում պատարագների օրերին են գալիս։