Ոստիկանությունն առավոտից ստացել է ստուգման ենթակա 3 տեղեկություն, որոնց վերաբերյալ ավելի մանրամասն անդրադարձ կանեն երեկոյան ճեպազրույցի ընթացքում, ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:
Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է 26 հաղորդում, որից 7-ի վերաբերյալ հարուցվել են քրեական վարույթներ:
Ըստ «Անկախ դիտորդ» առաքելության դիտորդների հաղորդումների՝ Քանաքեռ- Զեյթունում նկատվել է քրեական հեղինակությունների հետ կապ ունեցեղ մարդկանց ակտիվություն, որոնք շրջել են ընտրատեղամասերի հարակից տարածքներով։ «Ազատությունը» Մկրտչյանից հետաքրքրվեց, թե նկատել ե՞ն նման ակտիվություն ոստիկանության ներկայացուցիչները։
«Ինձ մոտ դեռևս ամփոփված նման ահազանգի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։ Բայց հնարավոր է հենց այս պահին նման ահազանգ կամ տեղեկատվություն արդեն ստացվել է ոստիկանություն, և Ձեր ասածի հաշվառմամբ պարտադիր կիրականացվեն ստուգողական աշխատանքներ, և ըստ էության, անդրադարձ կկատարվի Ձեր փոխանցած տեղեկատվությանը», - պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը։