Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ արտահայտված հստակ և թիրախային հաղորդումները՝ Հարավային Կովկասում իրավիճակի սրումը զսպելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխարգելելու, Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցի հասցեագրումը, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Այս ամենի առանցքը միջազգային հանրության ներգրավվածությունն ու համապատասխան քայլերն են, ասված է արտգործնախարարության X-ի (նախկին՝ Թվիթեր) էջում։
Սեպտեմբերի 14-ին անցկացված լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը երկու հստակ ուղերձ ներկայացրեց նախ հայտարարելով, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա և այլևս ոչ մի հետաձգում և որ ԱՄՆ-ն չի հանդուժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։
Քիմը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն խաղաղության ցանկացած համաձայնագրում, այս առումով Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հայերին միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի։
Ադրբեջանն արդեն 9 ամիս է փակել է Լաչինի միջանցքը։ Բաքուն, որ շարունակ հայտարարում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, հունիսի 15-ից անցակետ է տեղադրել, արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը և հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 12-ը ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտել Լեռնային Ղարաբաղ։ Սեպտեմբերի 12-ին միայն Ռուսաստանի կառավարության հումանիտար օգնությունն ադրբեջանական Աղդամի ճանապարհով մտավ Ստեփանակերտ։