Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից հայտնում են՝ Լաչինի միջանցքի վերաբացման շուրջ բանակցություններ են ընթանում


Աղդամ-Ստեփանակերտ երթուղով 1 բեռնատար ռուսական մարդասիրական օգնության փոխադրումից գրեթե մեկ օր անց դեռ փակ է Լաչինի միջանցքը։ Այս պահին հումանիտար օգնությամբ տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Սյունիքում։

Ստեփանակերտից ավելի վաղ հայտնել էին՝ որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, շեշտելով, թե միաժամանակ պայմանավորվելով, որ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ինչո՞ւ մինչ այս պահը չի բացվել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Ստեփանակերտից դեռ չեն մեկնաբանում, սակայն «Ազատության» պաշտոնական աղբյուրները հայտնում են՝ միջանցքի վերաբացման շուրջ բանակցություններ են ընթանում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ առանց այլ մանրամասների։ Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Ռուսաստանի հետ, տեսնում եք, միջազգային հանրության, տարբեր երկրներ հիմա կոչ են անում, այս պահի դրությամբ դեռևս, դժբախտաբար, նորություն կամ ինչ-որ կարևոր փոփոխություն չկա, սպասենք, տեսնենք. Դա նաև միջազգային պայմանագրի արդյունք է, չէ՞, Լաչինի կամ Բերձորի միջանցք հասկացությունը առհասարակ, բայց իրավիճակը մի քիչ ուրիշ է, որովհետև ի դեմս Ադրբեջանի մենք ունենք երկիր, որը խախտում է այդ ամենը», - ասաց Բաբայանը:

Մինչդեռ Բաքուն օրերս Լաչինի միջանցքը վերաբացմանն անդրադառնալով, հայտարարել էր, թե ռուսական բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, պետք չէ շփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից այդ հարցին երեկ էլ են անդրադարձել։ Գերատեսչության խոսնակը ռուսական օգնության փոխադրումը «կարևոր առաջընթաց» էր համարել՝ Աղդամի երթուղին ակտիվ օգտագործելու ճանապարհին։

Այսօր էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե Ստեփանակերտն է խոչընդոտում Լաչինի միջանցքի ու նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը։

«Մենք շարունակում ենք համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելու Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) և Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհները Կարմիր խաչի բեռնատարների համար հնարավորինս շուտ և միաժամանակ բացելու համար, ինչպես սեպտեմբերի 1-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են Ադրբեջանի նախագահն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ 12 օր անց, սակայն Հայաստանին ենթարկվող անօրինական ռեժիմը հրաժարվում է թույլատրել փոխադրումներն ու ճանապարհների բացումը», - նշել է Հաջիևը։

Ստեփանակերտից, մինչդեռ, հերքում են Լաչինի միջանցքի բացմանը խոչընդոտելու մասին Բաքվի պնդումները։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը շեշտում է՝ Արցախը կողմնակից է, որ հումանիտար հարցերը չքաղաքականացվեն։

«Մեր ժողովուրդն այն իրավիճակում է, որ պետք է իսկապես չքաղաքականցվի որևէ հարց, մենք երբևիցե մեր կողմից որևէ պայմանավորվածություն չենք խախտել, չենք աղավաղել, ավելին, երբեք չենք խախտել որևէ պայմանավորվածություն», - ասաց արցախցի պաշտոնյան:

Բաբայանը 9 ամսից ավելի շրջափակման, գրեթե 3 ամիս էլ լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախում այսօրվա իրավիճակը համեմատում է Ուկրաինայում երեսունականներին արհեստական սով կազմակերպելու՝ հոլոդոմորի հետ։

Մինչ Ստեփանակերտից ահազանգում են ցեղասպանության, սովահարության սպառնալիքի մասին, լիակատար շրջափակումից գրեթե 3 ամիս անց միայն Ադրբեջանը թույլատրեց ռուսական 1 բեռնատարի անցումը Արցախ, այն էլ Աղդամի ճանապարհով։

Ստեփանակերտից այսօր հայտնեցին, որ ռուսական օգնության փաթեթներն առաջիկա օրերին են բաշխելու։ Նախատեսում են դա տրամադրել անչափաս երեխա ունեցող զոհված զինծառայողների, հաշմանդամ երեխա ունեցող, ինչպես նաև 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG