Մատչելիության հղումներ

Պուտին. «Միացյալ Նահանգները Ռուսաստանը թշնամի է համարում»


ԱՄՆ ընտրությունները չեն ազդի Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումում խոսել է համաշխարհային խնդիրների մասին և ծավալուն մեկնաբանություններով անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին:

Հաջորդ տարի երկու գերտերություններում նախատեսվում են ընտրություններ: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերջերս ասել է, թե 2024 թվականի քաղաքական ծրագրերի մասին նախագահը կխոսի, երբ հայտնի կդառնա առաջադրումների ժամկետը:

Վլադիմիր Պուտինն այսօր Վլադիվոստոկում խուսափել է հարցի մանրամասն քննարկումից և միայն ասել է, որ իր առաջադրման հնարավորության մասին կարելի կլինի խոսել մինչև այս տարեվերջ, երբ խորհրդարանն ընտրությունների մասին որոշում կընդունի:

«Օրենքի համաձայն, դա պետք է խորհրդարանն անի, այ երբ որոշում կլինի, երբ կհայտարարվի հստակ օրը, այդ ժամանակ էլ կխոսենք», - ասել է Դաշնության ղեկավարը:

Մինչդեռ, մյուս գերտերությունում՝ Միացյալ Նահանգներում, օրը հայտնի է: 1845 թվականից ի վեր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենում նոյեմբերի 1-ին հաջորդող առաջին երեքշաբթի օրը: 2024-ին Ամերիկան նախագահ կընտրի նոյեմբերի 5-ին, իսկ նոր ղեկավարի պաշտոնամուտը տեղի կունենա 2025-ի հունվարի 20-ին:

Այսօրվա դրությամբ դեմոկրատականների առաջատար թեկնածուն գործող նախագահ Ջո Բայդենն է համարվում, իսկ հանրապետականներինը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Մինչև հաջորդ տարվա նոյեմբեր դեռ շատ բան կարող է փոխվել, գուցե ի հայտ կգան նոր լիդերներ, կհնչեցվեն պայքարից հրաժարվելու մասին հայտարարություններ, սակայն Ռուսաստանում ենթադրում են, որ այդ ընտրությունների արդյունքն առանձնապես չի ազդի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա:

«Կարծում եմ, ԱՄՆ քաղաքականությունում ռուսաստանյան ուղղությամբ սկզբունքային փոփոխություններ չեն լինի, դժվար թե արմատական տեղաշարժ լինի», - ասել է Պուտինը:

Ավելի մանրամասնելով, նա հիշեցրել է, որ թեպետ Թրամփը խոսում է հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ կապերը բարելավելու և Ուկրաինայի խնդիրն արագ լուծելու մասին, ինչն ինքնին լավ է, բայց հենց Թրամփն է մեծ թվով պատժամիջոցներ սահմանել Դաշնության նկատմամբ:

Պուտինի խոսքով, ամերիկյան վարչակազմը ջանք չի խնայում Ռուսաստանը բացասական տեսքով ներկայացնելու համար:

«Այդ փորձերը դեռ Միջնադարում են արվել»

«ԱՄՆ-ը Ռուսաստանը համարում է մշտական հակառակորդ և նույնիսկ թշնամի, և այդ միտքն է մտցնում շարքային ամերիկացու գլուխը»,- ասել է Պուտինը, բայց և հավաստիացրել, որ չնայած այդ հանգամանքին, ԱՄՆ-ում կան Ռուսաստանի հետ գործնական լավ հարաբերություններ հաստատելու գաղափարի մեծ թվով կողմնակիցներ և մարդիկ, ովքեր կիսում են այն, ինչ Ռուսաստանի ղեկավարն անվանել է «ավանդական արժեքներ», սակայն նրանց ճնշում են:

ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունը, ՌԴ ղեկավարի համոզմամբ, ամերիկյան հասարակությանը տրամադրել են Ռուսաստանի դեմ, և դա շատ դժվար կլինի փոխել:

Ըստ Պուտինի, Արևմուտքը վաղուց է փորձում Ռուսաստանին ներկայացնել որպես «Չարյաց կայսրություն»: Այդ փորձերն արվել են դեռ Միջնադարում, երբ Արևմուտքը ցանկացել է Ռուսաստանում կրոնափոխություն իրականացնել և կաթոլիկություն հաստատել:

«ԽՍՀՄ քաղաքականության այդ հատվածը սխալ էր»

Վլադիվոստոկում Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Խորհրդային միության մասին: 2005 թվականի ապրիլի 25-ին Ռուսաստանի նախագահը խորհրդարանի երկու պալատներին հասցեագրված ուղերձում ԽՍՀՄ փլուզումն անվանել է 20-րդ դարի աշխարհքաղաքական խոշորագույն աղետը:

Բայց տարբեր առիթներով նա նկատել է տվել, որ այդ հզոր երկիրը նաև կոպիտ սխալներ է գործել: Քննարկումը վարողն ասել է, թե Հունգարիայում և Չեխիայում պնդում են, որ 1956 թվականին զորք մտցնելով Բուդապեշտ և 1968-ին զորք մտցնելով Պրահա՝ Խորհրդային միությունը գաղութարարի նման է գործել:

«Մենք վաղուց ենք ընդունել, որ ԽՍՀՄ քաղաքականության այդ հատվածը սխալ էր, և միայն հարաբերությունների լարվածության է հանգեցրել: Արտաքին ասպարեզում չի կարելի անել որևէ բան, որը ակնհայտ հակասում է ուրիշ ժողովուրդների շահերին, բայց Արևմուտքի առաջատար երկրներն ու նախևառաջ Միացյալ Նահանգները հիմա հենց այդ նույն սխալն են գործում», - հայտարարել է Պուտինը:

Իր վլադիվոստոկյան ուղերձում նա ասել է, թե Ռուսաստանի ապագան ինքնաբավությունն է և ժողովրդի հոգու պահպանումը, դա, սակայն, մեկուսացում չի նշանակում:

«Դա նշանակում է համագործակցություն գործընկերների և բարեկամների հետ», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը, հավաստիացնելով, որ Ռուսաստանը կդիմանա բոլոր պատժամիջոցներին:

XS
SM
MD
LG