«Ազատություն». - «Լուսավոր Հայաստանը» դիտարկո՞ւմ է հետընտրական դաշինքները։ Որովհետև դուք ասում եք, թե որևէ մեկը մեծամասնություն չի ստանալու, դա նշանակում է, որ որևէ մեկիդ մյուսի ձայնը պետք է գալու։
Խաժակյան. - Այո։ Բայց ինչ կոմբինացիայով, շատ բարդ է ասել։ Տարբեր իրավիճակներ կարող են ստեղծվել։ Օրինակ, Գյումրի համայնքում առաջին և երկրորդ ուժը միմյանց հետ կոալիցիա կազմեցին և այնքան ձայն էին տարել իրար հետ, որ մնացյալը իրար հետ չէին կարող որևէ իրավիճակ փոխել։ Ուստի կոմբինացիաները շատ կարող են լինել։ Մենք, ամեն դեպքում, սև ու սպիտակի բաժանումը մերժել ենք 18 թվականին, մերժում ենք նաև հիմա, և պատրաստ կլինեինք համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով կընդունի մեր ծրագրերը և ստացած կլինի ժողովրդի վստահության քվեի ինչ-որ չափ։ Ես էդտեղ որևէ խտրականություն չեմ ցանկանա դնել, եթե այդ քվեն տվյալ ուժերը ստացած լինեն քաղաքացիներից։
«Ազատություն». - Բայց դա անում են այլ ուժեր, որոնք ի սկզբանե բացառում են, օրինակ, Ավինյանի հետ դաշինքը, կամ նախկին իշխանությունների հետ դաշինքը։
Խաժակյան. - Էդտեղ արհեստական բաներ կան։ Բացառողներն ովքե՞ր են։ Բացառողներից մեկը այսօր «Իմ քայլը» դաշինքի մյուս կուսակցությունն է։ «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է «Քաղպայմանագրից» և «Առաքելություն» կուսակցությունից։ Մինչև սեպտեմբերի 17-ը քաղաքում ինչ կատարվի, դրա պատասխանատվության չեմ ասում կեսը, բայց ինչ-որ մի մասը կրում է «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը, ով այսօր «Ապրելու երկրի» երկրորդ համարն է։ Էստեղ խուսափելու հնարավորություն չկա։ Ի՞նչ է նշանակում չենք անելու կոալիցիա... դուք հիմա կոալիցիայի մեջ եք։ Ընդ որում, չի եղել քաղաքական գնահատական, երբ, օրինակ, Մեսրոպ Առաքելյանը նախարարի պորտֆելը վայր է դրել և չի ասել, թե ինչու է նա վայր դնում։ Շնորհակալություն է հայտնել կառավարության իր գործընկերներին և դուրս եկել։
«Ազատություն». - Ձեր դեպքում գուցե էական է այնքանով, որ մարդիկ իմանան, որ եթե ձեզ ձայն տան, այդ քվեն կարո՞ղ է ծառայել, օրինակ, Ավինյանին քաղաքապետ դարձնելուն։
Խաժակյան. - Եթե մարդիկ ինձ ձայն տան, այդ քվեն կարող է ծառայել իմ և մեր թիմի ծրագրերի իրականացմանը։ Եթե այդ ծրագրերը իրականացնելու համար մեզ պետք լինի համագործակցել Վրաստանի կառավարության հետ, մենք կհամագործակցենք։ Եթե պետք լինի Հայաստանի կառավարության հետ, մենք կհամագործակցենք։ Էս առումով մեզ համար առաջնայինը մեր քաղաքի շահն է։ Թերևս չենք կարող համագործակցել երևի Թաթարստանի կառավարության հետ, որովհետև թող դրանով այլ ուժեր զբաղվեն։
«Ազատություն». - Տեսնո՞ւմ եք հնարավորություն ընդդիմադիր ուժերով վերցնել քաղաքային իշխանությունը, եթե ասում եք՝ մենք ընդդիմադիր ենք։ Օրինակ, եղե՞լ է հանդիպում Թանդիլյանի, Մարությանի, Թևանյանի հետ՝ քննարկելու, որ միավորվեք, մեկ թեկնածուի շուրջ կոնսենսուս կամ հետընտրական դաշինք։
Խաժակյան. - Քննարկումները մենք կունենանք արդեն Երևանի ավագանիում՝ կախված ուժերի դասավորությունից։ Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» ստանա այնքան նվազ քվե, որ ակնհայտ լինի, որ չկա ժողովրդի կամարտահայտություն, որ իրենք պետք է լինեն քաղաքային իշխանություն, ուրեմն նրանք չեն լինի քաղաքային իշխանություն։
«Ազատություն». - Ամեն դեպքում, այս սցենարը ևս չեք բացառում, համագործակցությունը իմ նշած շրջանակների հետ։
Խաժակյան. - Ես որևէ մեկի հետ համագործակցությունը չեմ բացառում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.