Մատչելիության հղումներ

Որքա՞ն ունեցվածք են հայտարարագրել Երևանի քաղաքապետի թեկնածուները


Երևանի քաղաքապետի աթոռին հավակնող թեկնածուներից ամենահարուստը, ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Նրա ունեցվածքի աշխարհագրությունը տարածվում է մինչև Եվրոպա՝ Չեխիա և Ավստրիա։ 7 բնակարան, 4 ավտոկայանատեղի, 4 հողամաս Չեխայում՝ մասնավորապես Պրահայում, 2 բնակարան՝ Վիեննայում։ Հայաստանում Մարությանը իր անվամբ բնակարան չունի։

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակցի անցած մեկ տարվա եկամուտները կազմել են 1 միլիոն 200 հազար դոլար։ Այս գումարի մի մասը ներկայումս գործազուրկ Մարությանը վաստակել է Չեխիայում կնոջ հետ համատեղ սեփականությամբ բնակարանների ու տարածքների վարձակալությունից։ Եկամուտների մի մասն էլ գոյացել է մատուցած ծառայություններից ու իրեն պատկանող «ԱԱԱ» փրոջեքթս ընկերությունից։

Հայտարարագիրը ներկայացնելու պահին Մարությանի բանկային հաշիվներին եղել է 370 հազար դոլար, 250 հազար եվրո, 15 միլիոն դրամ։

Թեկնածուների շարքով իր ունեցվածքով, թերևս, երկրորդ տեղում է հանրությանը քիչ հայտնի գործարար, «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։ Նա «Արարատ ֆիշ», «Կարոլինա սերվիս» և ևս 5 ընկերությունների 100 տոկոս սեփականատերն է։ Մեկ տարվա ընթացքում վաստակել է մոտ 95 հազար դոլար։

Իշխանական թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի դրամապանակը ևս լիքն է։ Այսպես, Ավինյանը մեկ տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 88 հազար դոլարի եկամուտ՝ 12 միլիոն դրամը Երևանի քաղաքապետարանից, իսկ 4 միլիոն դրամը՝ «Հայբիզնես բանկի» խորհրդում անդամի աշխատավարձն է։ Թեկնածուն 11 միլիոն դրամ էլ նվեր է ստացել հորից։ Եվս 7 միլիոն էլ վաստակել է Բիթքոյնի վաճառքից։

Ավինյանը անշարժ գույք չունի, հաշվառված է հոր բնակարանում, բայց բնակվում է այլ հասցեում։ Նրա հայտարարագրից պարզ չի դառնում, թե ում բնակարանում է բնակվում։

Պակաս կարողություն չունի «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորը միակ եկամուտը պատգամավորի աշխատավարձն է նշել՝ 23 հազար դոլար։ Մինչդեռ դրամական հաշիվներին հայտարարագիրը ներկայացնելու պահին ավելի շատ գումար է ունեցել, քան մեկ տարվա եկամուտը՝ 185 հազար դոլար, 110 հազար եվրո։ Հայտարարագրում, սակայն, գումարի ծագումը չի նշվում։

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը հայտարարագրել է 382 հազար դոլար։ Նրա եկամտի աղբյուրի «Սկեվռա» քաղաքային պլանավորման ինստիտուտն է, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրմամբ զբաղվող «Վիկտորիա» կոնցեռնը, որի 18 տոկոս փայատերն է։

Քաղաքապետի մյուս 9 թեկնածուներն ավելի համեստ կարողություն են հայտարարագրել, բայց արդյոք նրանք իրենց ողջ ունեցվածքն են ներկայացնում պետությանը։ Պարզվում է՝ ոչ մեկը չի կարող ասել, քանի որ որևէ պետական կառույց դրանք չի ստուգում։

Կիսատ հաշվետվողականություն՝ կիսատ նպատակով. իրավապաշտպան

Կիսատ հաշվետվողականություն՝ կիսատ նպատակով. ընտրական գործընթացներին հետևող իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանի գնահատականն է:

«Հայտարարագրի իմաստը այս պահին ավելի շատ շահերի բախումը հայտնաբերելն է, հայտնաբերելն է, թե ինչ ունի և ինչեր կունենա այդ պաշտոնում ընտրվելու արդյունքում, դրա համեմատելու հնարավորությունը: Սա ուղղակի լրացուցիչ գործառույթ է իրենց սովորեցնելու թափանցիկության, եթե կարելի է այսպես ասել, միաժամանակ չնախատեսելով որևէ սանկցիա, կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար», - ասաց Գրիգորյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս դեպքում մի գործառույթ ունի՝ ստուգել, որ ժամանակին ներկայացվեն այս հայտարարագրերը, իսկ հետոն անորոշ է:

«Մենք սրա հետ կապված առաջարկում էինք, որպեսզի լինի միասնական մոտեցում, չլինի այսքան խիստ պահանջ բոլոր թեկնածուների նկատմամբ, այլ, օրինակ, լինի ցուցակի ինչ-որ հատվածի նկատմամբ, կամ եթե պահանջը ներկայացվում է բոլորի նկատմամբ ու դա համարվում է որպես հաշվետվողականության կարևոր հարց, այդ դեպքում դա ներկայացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին», - ընդգծեց Վարդինե Գրիգորյանը:

Իրավապաշտպանների այս առաջարկը դեռ թղթի վրա է։ Նախատեսվում էր, որ այս տարվանից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է զբաղվեր ընտրություններին մասնակցող թեկնածուների հայտարարագրերի ստուգմամբ այնպես, ինչպես հիմա արվում է պաշտոնյաների դեպքում։ Բայց այս ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվել է, արդյունքում պետությանն է ներկայացվում փաստաթղթերի ծավալուն փաթեթ, բայց պետությունը այդպես էլ չի ստուգում՝ ապագա քաղաքապետը, ավագանու անդամները կամ էլ պատգամավորը ստում են, թե՝ ոչ։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG