Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի իրավապաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Աշոտ Գևորգյանի և Միքայել Բադալյանի ազատ արձակմանն աջակցելու խնդրանքով


Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել կալանավորված «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։

«Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցություն ցուցաբերել՝ հարգելու և պաշտպանելու նրանց իրավունքները և խոսքի ազատության իրավունքը, այդ թվում՝ հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկելու նրանց կալանավորման համար մեղավորներին, եթե խախտումներ հայտնաբերվեն», - ասված է դիմումում։

Թվարկելով միջազգային տարբեր նորմեր, դիմումում ասված է, որ լրագրողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելն անընդունելի է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեն նախնական 72 ժամով կալանավորել է «Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Աշոտ Գևորգյանին և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանին։ Նրանք մեղադրվում են զենքի ապօրինի շրջանառության համար։

XS
SM
MD
LG