Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարի համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում չկա լարվածություն, կան տարաձայնություններ


«Լարվածության մասին դժվար է մեկնաբանել, Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ և ինչպես միշտ է եղել, միշտ բոլոր գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, դա չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարվածություն», - այսօր ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ խորհրդարանում պատասխանելով «Ազատության» հարցին, թե ո՞րն է հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառը։

«Որևէ նոր բան տեղի չի ունեցել, այլ շարունակական իրավիճակն է, որն ամիսներ շարունակ է, մասնավորապես, դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակումն ու հուլիսից ամբողջական Լեռնային Ղարաբաղի բլոկադան և այդտեղ խաղաղպահների զորախմբի գործունեության որակին առնչվող հարցերը, նաև վերջին երկու տարի ընթացքում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները Ադրբեջանի կողմից, ագրեսիան և դրան ռուսաստանի ու ՀԱՊԿ գործընկերների արձագանքի բացակայությունը», - ասաց Հովհաննիսյանը:

Փոխարտգործնախարարը նշեց՝ չի ցանկանում հարաբերություններին տալ լարված բնույթը. - «Կարծում եմ, որ փաստերն են արձանագրվում և այս փաստերն արձանագրվել են ոչ միայն այսօր, այլ նաև երեկ ու նախորդ ամիսներին»:

Անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, Հովհաննիսյանն ընդգծեց. - «Ես չեմ կարծում, որ օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչը կարող է այդ բառապաշարով խոսել Հայաստանի պաշտոնյաների մասին: Ես կարծում եմ՝ դա անթույլատրելի է ու հույս ունեմ, որ պաշտոնյաները՝ բարձր ու բարձրագույն մակարդակում հետևություններ կան են քայլեր կձեռնարկեն, որպեսզի ավելի ցածր մակարդակում խոսույթն ավելի պատշաճ լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG