Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը։
«Մեղադրանքներ տարածելով, թե հայ քաղաքացիներ են առևանգվել, որոնք իրականում ձերբակալվել են Լաչինի անցակետում՝ Էնթիկ և ռասայական թշնամություն տարածելու, նաև ադրբեջանական դրոշը անարգելու հիմքով Ադրբեջանում հարուցված քրեական գործից հետո, ինչպես նաև կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխան տարածքում տեղադրված անցակետի օրինականությունը, Հայաստանը ցույց է տալիս, որ չի հարգում իր միջազգային պարտավորությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Բաքուն պնդում է, թե «հումանիզմի սկզբունքից ելնելով», դադարեցրել է քրեական հետապնդումը նշված երեք անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց տարիքը և այն, որ «անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար»:
Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող երեք երիտասարդի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: Տղաները Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։
Երեկ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Լաչինի անցակետից երեք երիտասարդների առևանգումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպտագույն խախտում և բացահայտ արհամարհանք է համարել՝ միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։
Հիշեցնելով նաև բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը՝ Հայաստանի արտգորնախարարությունը շեշտել է՝ տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին։