Վլադիմիր Զելենսկին ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում երեկ կրկին պնդել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը 1991 թվականի սահմաններում։ Միևնույն ժամանակ, Զելենսկու խոսքով, եթե ուկրաինական բանակը հասնի Ղրիմի հետ վարչական սահմանին, ապա հնարավոր կլինի «քաղաքականորեն ավարտել Ռուսաստանի ապառազմականացումը թերակղզու տարածքում»։
Հունիսին ուկրաինական բանակի երկար սպասված հակահարձակումը սկսվեց երկրի հարավում։ Երկուսուկես ամսվա համառ մարտերի ընթացքում ուկրաինացի զինվորականները մի շարք ուղղություններում առաջ են շարժվել, սակայն, ըստ ռազմական վերլուծաբանների, դեռ չեն խախտել ռուսական պաշտպանական գիծը։ Հարձակումը շարունակվում է, և դրա նպատակն է կտրել այսպես կոչված ցամաքային միջանցքը Ռուսաստանից դեպի բռնակցված Ղրիմ:
Միաժամանակ, Զելենսկին ասել է, որ ռազմական գործողությունները ռուսական տարածք տեղափոխելը ռիսկային է՝ նկատի ունենալով ռուսական տարածքին արևմտյան զենքով չհարվածելու արևմտյան գործընկերների պահանջը:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում երկիրը պատրաստ է «երկար ժամանակ» պատերազմել, բայց մտածված պատերազմ վարել՝ նվազագույնի հասցնելով կորուստները։
Խոսել է երեկ Զելենսկին նաև կոռուպցիայի և նախագահական ընտրությունների մասին։ Նա նախ կոչ է արել ռազմական դրության ժամանակ կոռուպցիան նույնացնել պետական դավաճանության հետ, սակայն հավելել է, թե խոսքը մահապատժի մասին չէ։
Ինչ վերաբերում է եկող տարի նախատեսված ընտրություններին, Զելենսկու կարծիքով՝ դրանք պատերազմի պայմաններում անցկացնելը շատ բարդ ու դժվար կլինի, բայց ինքը պատրաստ է կազմակերպել ընտրություններ, եթե արևմտյան դաշնակիցները նախ դրանք ֆինանսավորեն, որովհետև պատերազմի պայմաններում նա պատրաստ չէ ռազմական ծախսերի փոխարեն ընտրությունների վրա փոխ ծախսել: Ընտրությունները կազմակերպելու համար, Ուկրաինայի նախագահի խոսքով, նաև անհրաժեշտ է, որ արևմտյան դիտորդները չվախենան խրամատներ ևս այցելել:
Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել նաև, որ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը կհանգեցնի Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինչպես նաև Բելառուսում ժողովրդավարական փոփոխությունների։