Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու պատճառով Բաքվի վրա ճնշումներ են գործադրվել. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն՝ միաժամանակ խոստովանելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։

«Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։

«Սա շարունակվում է այսօր. տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու դրա նմանները տարբեր դավադրություններ են հյուսում մեր դեմ։ Բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղել մեր ճանապարհից»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը և հերթական անգամ պնդել, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում է»։

Մի շարք երկրներ, կառույցներ Ալիևի վարչակազմին կոչ են անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանը, որը նաև հուլիսի 6-ի որոշմամբ վերահաստատել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 8 ամիս․ անցած դեկտեմբերին էր, երբ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցի ակտիվիստները փակեցին Լաչինի միջանցքը՝ ներկայացնելով բնապահպանական պահանջներ ու արգելելով տեղաշարժը։ Դրանից 4 ամիս անց Բաքուն անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջի վրա՝ պարտադրելով արցախցիներին անցնել միայն անցակետով՝ միայն իր թույլտվությամբ։ Այս տարվա հունիսի 15-ին էլ ադրբեջանցիները փորձել էին իրենց դրոշը տեղադրել կամրջից դեպի Սյունիք հատվածում, հայկական կողմը կրակոցով կանխել էր այդ փորձը։ Այդ օրվանից ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։

XS
SM
MD
LG