Մատչելիության հղումներ

ՌԴ-ը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին. Միշուստին


Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետը Հայաստանի վարչապետի հետ զրույցում։

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը Ծաղկաձորում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ առանձին հանդիպում են ունեցել։ Միշուստինի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին համապատասխան նոր ենթակառուցվածքների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի մարդկանց միջև շփումները:

Տարածաշրջանի ապաշրջափակումը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներից մեկն է, ու թեև կողմերը հայտարարում են, որ ամենաշատ առաջընթացը այս հարցում ունեն, սակայն պատերազմից երեք տարի անց էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճանապարհները չեն բացվել, երկաթուղին չի վերագործարկվել։

Նիկոլ Փաշինյանը ապաշրջափակման ծրագրերից կառավարության հրապարակած տեսանյութում չի խոսել, փոխարենը նկատել է, որ ռուսական կողմն իր խոսքի տերն է եղել, Սոչիում վերջին հանդիպման ժամանակ տրված խոստումից հետո Վերին Լարսի անցակետում նոր անցուղիներ են բացվել՝ թեթևացնելով կիլոմետրանոց հերթերը։ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ անցած տարվա արդյունքներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է հինգ միլիարդ դոլար։

«Այն շարունակում է աճել և ընթացիկ տարում մենք արդեն հատել ենք երեք միլիարդ դոլարի սահմանագիծը, իսկ տարեվերջին կգերազանցենք 2022 թվականի ցուցանիշը։ Մենք ամուր և զորեղ հարաբերություններ ունենք, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ մեր հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Միշուստինի գնահատմամբ՝ ընդհանուր տնտեսական աճի վրա դրական ազդեցություն են թողնում նաև բիզնես շրջանակների կապերը։ Ռուսաստանի վարչապետը կարևորել է նաև ազգային արժույթների օգտագործումը համատեղ նախագծերում և փոխադարձ առևտրական կապերում։

Ինչպես ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այնպես էլ Ռուսաստանի վարչապետը այսօր խոսել է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ կառուցելու հեռանկարից։

«Հայաստանի քաղաքացիների շրջանում կա մեծ հետաքրքրություն ռուսաստանյան բուհերում կրթություն ստանալու առումով։ Ավելի քան հինգ հազար հայ ուսանողներ այսօր սովորում են Ռուսաստանում։ Մենք նրանց կաջակցենք որակյալ ուսում ստանալու հարցում։ Չափազանց կարևորում ենք նաև ռուսաց լեզվի ուսուցման գործընթացը Հայաստանում և դիտարկում նոր դպրոցներ կառուցելու հեռանկարը։ Հայաստանից բազմաթիվ մասնագետներ ռուսաց լեզվի դասավանդման դասընթացներ են անցնում Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ բոլոր դպրոցների համար Հայաստան կուղարկենք ավելի քան 50 հազար դասագիրք», - ասել է Ռուսաստանի վարչապետը։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում արդեն՝ նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի վարչապետերի մասնակցությամբ, քննարկել են միության շրջանակներում ինտեգրացիան խորացնելու հարցերը։ Նեղ նիստն արդեն ավարտվել է։

XS
SM
MD
LG