Մատչելիության հղումներ

«Հապճեպ մշակված խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի». ՌԴ ԱԳՆ


Հապճեպ պատրաստված, հում խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի, պետական ТАСС գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ում հետխորհրդային տարածքով զբաղվող առաջատար դիվանագետներից մեկը՝ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության պետ Դենիս Գոնչարը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ նման ձևով խաղաղ պայմանագրի ստորագրումը հակառակ էֆեկտը կունենա «նոր հակամարտությունների և ողբերգությունների հիմքեր ստեղծելով»։

«Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխադարձաբար ընդունելի որոշումների որակյալ մշակմանը», -ասել է Գոնչարը։

Ռուսաստանցի դիվանագետի այս հարցազրույցը հրապարակվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի երեկ երեկոյան Բաքվում կայացած հանդիպումից հաշված ժամեր անց։ Դրա ընթացքում Ալիևը կրկին հայտարարել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու հարցում, և ինքը հուսով է, որ բանակցությունների ընթացքում քննարկվող հիմնական ուղղություններով մոտ ապագայում արդյունքներ կարձանագրվեն»։

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Գոնչարի խոսքով՝ բանակցություններում շուտափույթ արդյունքի սպասումները ձևավորվում են Արևմուտքի կողմից հիմնականում արհեստականորեն։

«Մի շարք արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Բաքուն և Երևանը պատրաստ են խաղաղ պայմանագիրը ստորագրել «ոչ ավել ոչ պակաս առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ Ռուսաստանում կարծում են, որ պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ [հակամարտության] կողմերը։

«Պատասխանատու միջնորդների խնդիրը ոչ թե կոնյունկտուրային նկատառումներից ելնելով բանակցային գործընթացը արհեստականորեն արագացնելն է, այլ հաստատուն, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը նպաստելը», - համոզված է ռուսաստանցի դիվանագետը՝ նշելով նաև, որ դրանք պետք է հիմնված լինեն տեղում առկա իրողությունների, եռակողմ հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»։

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության ղեկավարը նաև խոստովանում է, որ այս պահին ոչ Բաքուն և ոչ էլ Երևանը առանց վերապահումների խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չեն։

«Խաղաղության շուտափույթ հաստատման մասին Բաքվից և Երևանից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանների։ Դեռ անհրաժեշտ է գտնել մի շարք լուրջ խնդիրների լուծումը։ Դրանցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պաշտպանության հարցն է՝ Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում», - պնդում է ռուսաստանցի դիվանագետը։

Դենիս Գոնչարը նաև որոշ մանրամասներ է հաղորդել հուլիսի 25-ին Մոսկվայում կայացած արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված շատ բարդ իրավիճակի ֆոնին։

«Զգայուն մանրամասները չբացահայտելով՝ կարող եմ ասել, որ մեր կողմից լարվածության նվազեցմանն ուղղված փոխզիջումային լուծումներ են առաջարկվել, որոնց վրա կողմերը հիմա, այսպես ասած, տնային պայմաններում են աշխատում։ Ակնկալում ենք, որ հումանիտար նկատառումները ,հասարակ մարդկանց մասին մտահոգությունները ավելի ծանրակշիռ կլինեն, քան այն քաղաքական տարաձայնությունները, որոնք առկա են Բաքվի և Երևանի միջև», -հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան։

ТАСС-ին տված հարցազրույցում Գոնչարը նաև մանրամասնորեն անդրադառնում է տարածաշրջանային հեռահաղորդակցության ուղիների վերագործարկման շուրջ ընթացող բանակցություններին, նշելով, որ դրանց վերջին փուլը, որ կայացել է հունիսի 2-ին Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ, բավական արդյունավետ էր։

«Մասնավորաբար, ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային երթևեկության վերականգնման շուրջ», - նշել է Դենիս Գոնչարը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը ձգտում է, որ այս հարցով կայացված պայմանավորվածությունները հավասարակշռված լինեն։

«Կողմերից և ոչ մեկի մոտ չպետք է տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ մեկն ավելին է ստացել։ Հաղորդակցության ուղիների՝ նախևառաջ երկաթուղիների ապաշրջափակումը թույլ կտա բացահայտել Հարավային Կովկասի ահռելի տնտեսական ներուժը, հզոր լիցք կհաղորդի եռակողմ աշխատանքի մյուս բոլոր ուղղություններին», - հավելել է նա։

Անդրադառնալով Երևանի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններին՝ ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը պնդում է, որ դրանցում առկա բացասական դրսևորումների գլխավոր պատաճռը «ռուս-հայկական համագործակցությանը վնաս հասցնելուն ուղղված արևմտյան պետությունների չդադարող փորձերն են»։

«Կիրառվում են ցանկացած, այդ թվում՝ բացարձակապես կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցային շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, հեղհեղուկ խոստումներ։ Ինչո՞վ է վերջանում նման «բարեկամությունը», բոլորը բազմիցս կարող էին համոզվել աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում», -նկատել է Դենիս Գոնչարը։

Ինչ վերաբերում է Մոսկվայի և Երևանի կողմից այս պահին իրագործվող ծրագրերին, ապա դրանց թվում ռուսաստանցի դիվանագետը առանձնացրել է Հայաստանում չորս ռուսական դպրոցների շինարարության հարցը, որի շուրջ պայմանավորվածությունն, ըստ Գոնչարի, ձեռք են բերել երկու երկրների ղեկավարները, ինչպես նաև Կապանում ռուսաստանյան հյուպատոսության մոտալուտ բացումը։

«Սեպտեմբերին արդեն տարածաշրջան կմեկնեն ռուսաստանցի դիվանագետները, որոնք կսկսեն տեղում լուծել օպերատիվ հարցերը», - նշել է դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG