Մատչելիության հղումներ

Պատերազմի ընթացքում 3 մլրդ ռուբլի՝ Պուտինի «խաղալիքի» համար. Նավալնու թիմի հետաքննությունը


Լողավազան «Գրեյսֆուլ» զբոսանավում
Լողավազան «Գրեյսֆուլ» զբոսանավում

Բանտարկված ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թիմը նոր հետաքննություն է հրապարակել՝ այս անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող շքեղ զբոսանավերի մասին։

Ըստ հետաքննության՝ Ուկրաինայում պատերազմը սկսելուց մեկ ամիս առաջ Պուտինին պատկանող 100 միլիոն դոլար արժեցող «Գրեյսֆուլ» շքեղ զբոսանավը շտապ դուրս է բերվել Եվրոպայից։ Մյուս՝ է՛լ ավելի թանկարժեք զբոսանավը, որ կոչվում է «Շահրիզադե», էվակուացնել չի հաջողվել, այն արգելանքի տակ է և կանգնած է իտալական նավահանգիստներից մեկում։ Ու չնայած դրան՝ զբոսանավի անձնակազմն աշխատավարձ ստանում է։

Ըստ հետաքննության՝ 82-մետրանոց «Գրեսյֆուլ» զբոսանավը 2022 թվականին գերմանական Համբուրգ քաղաքում երկարատև վերանորոգման էր կանգնած, սակայն հունվարին՝ Ուկրաինա ներխուժումից մեկ ամիս առաջ, նավը քարշակով հապշտապ էվակուացվում է, դրա վրա բարձում են վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքներն ու այն փոխադրում Կալինինգրադ։ Ինչպես եզրակացնում են հետաքննության հեղինակները՝ շտապ էվակուացիան կատարվում է հնարավոր պատժամիջոցներից և կալանքից խուսափելու համար։ Կիսատ թողած վերանորոգումն ավարտին է հասցվում արդեն Ռուսաստանի տարածքում։

Նավալնու թիմը հաշվել է, թե ինչ է արժեցել զբոսանավի թանկարժեք վերանորոգումը՝ 3 միլիարդ ռուբլի կամ 32 միլիոն դոլար։ Նավում կան լողավազաններ, ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հարթակ, միլիոններ արժեցող կահույքով ոսկեզօծ և մարմարապատ սենյակներ։

Հետաքննողները նկատում են՝ պատերազմող երկրում, որի իշխանությունները ժողովրդին հորդորում են ձգել գոտիները, նախագահ Պուտինն իր զբոսանավերից միայն մեկը վերանորոգելու համար միլիարդներ է ծախսում։

«Հենց հիմա, պատերազմի ընթացքում, Պուտինի խաղալիքի համար ծախսվել է 3 միլիարդ ռուբլի` 2 միլիարդը՝ վերանորոգման, ևս 1 միլիարդ՝ այն պահելու համար՝ աշխատավարձեր, պահպանության ծախսեր, վառելիք և այլն։ Գումարները շարունակում են ծախսվել։ Զբոսանավը հենց հիմա հատուկ ուղեկցությամբ Հյուսիսային ծովային ճանապարհով ուղևորվում է Սոչի։ Շտապում է՝ հասնելու թավշյա սեզոնին», - փաստում է Նավալնու թիմը:

Հետաքննությունը բերում է մի քանի ապացույց, որ զբոսանավի իրական տերը Վլադիմիր Պուտինն է։ Զբոսանավի ներսում արված լուսանկարներում գլխավոր աշխատասենյակում երևում է կառավարական հույժ գաղտնի կապի հեռախոս, Պուտինին պատկանող մյուս զբոսանավի՝ «Շահրիզադե»-ի մանրակերտը, իսկ զբոսանավի անձնակազմում Ռուսաստանի դաշնային պահպանության ծառայության աշխատակիցներ են։ Զբոսանավի երթուղին 2018 թվականից ի վեր հիմնականում համընկել է Ռուսաստանի նախագահի գրաֆիկին։

Բացի այդ, չնայած պատժամիջոցներից խուսափելու ջանքերին, «Գրեսյֆուլ» զբոսանավն այնուամենայնիվ 2022-ի հունիսից ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ՝ հենց Վլադիմիր Պուտինի հետ առնչություն ունենալու հիմքով, պնդում են հետաքննության հեղինակները՝ հավելելով, որ զբոսանավը դրանից հետո վերանվանվել է «Կասատկա» և դաշնային պահպանության նավի ուղեկցությամբ տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։

Զբոսանավի ֆորմալ սեփականատերը օֆշորային ընկերություններ են, որոնց խառնիճաղանջ սխեմաների վերջնական հասցեատերը Պուտինի վաղեմի ընկեր Պյոտոր Կոլիբինն է։ Սա Պուտինի միակ գույքը չէ, որ ձևակերպված է Կոլիբինի անունով․ այդ ցանկում են նաև Պուտինի դղյակին հարող խաղողի այգիները։ 2020 թվականից զբոսանավն իբրև թե վաճառվել է «Արգումենտ» ընկերությանը, որի սեփականատերերը գաղտնի են, պնդում է հետաքննությունը։

XS
SM
MD
LG