Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի, Պուտինը Վիբորգում չհայտարարագրված առանձնատուն ունի


Նավալնին ներկայացնում է Պուտինի ամառանոցը
Նավալնին ներկայացնում է Պուտինի ամառանոցը

Սանկտ Պետերբուրգից քիչ հեռու՝ Վիբորգում գտնվող շքեղ առանձնատներից մեկը, որը երկու անգամ օգտագործվել է Շերլոկ Հոլմսի մասին պատմող ֆիլմի նկարահանումների համար, պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թեև այդ մասին պաշտոնական հայտարարագրերում ոչինչ նշված չէ, համենայն դեպս, դա են պնդում «Դոժդ» հեռուստաընկերության հետաքննությունն ու Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, նախագահական ընտրությունների հավակնորդ Ալեքսեյ Նավալնին:

Երկու աղբյուրները պարզել են՝ հսկայական տարածքը պատկանում է «Սևեր» ընկերությանը, որը մինչև 2014 թվականը տնօրինում էր «Բալթյան» մեդիախմբի ղեկավար Օլեգ Ռուդնովը՝ Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերներից մեկը:

Հետաքննող լրագրողները պնդում են, թե նախկինում ևս Պուտինին պատկանող առանձնատները գրանցվել են Ռուդնովի անունով, բացի այդ, Նավալնին արձանագրել է, որ դեպի առանձնատուն տանող ճանապարհին տեղադրված է «Սիբուր» հանգստավայրի ցուցանակը, ընկերություն, որի բաժնետոմսերը պատկանում են Պուտինի մերձավոր շրջապատի գործարարներ Գենադի Տիմչենկոյին և Կիրիլ Շամալովին:

«Նախագահի գաղտնի առանձնատունը, ըստ «Դոժդի», սկսել են վերակառուցել 2011 թվականին, ընդ որում կառուցապատման մեջ ներդրում է ունեցել 90-ականների Պետերբուրգի քրեական հեղինակություններից մեկը՝ Իլյա Տրաբերը, որը սերտ կապերի մեջ է եղել այդ տարիներին Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ Վլադիմիր Պուտինի հետ», - փաստում է Նավալնին, ընդգծելով, որ բոլոր փաստերն ապացուցում են, որ այս շքեղ առանձնատունը կառուցվել է Պուտինի և նրա ընտանիքի համար:

Ընդդիմադիր գործիչը մեկ այլ փաստ է բերում՝ առանձնատունը գտնվում է խստագույն հսկողության տակ, շարքային քաղաքացիները դրան նույնիսկ չեն կարող մոտենալ։

«Առանձնատանը մոտ չեն թողնում, մտնողներից էլ վերցնում են բջջային հեռախոսները, որ հանկարծ չլուսանկարեն։ Իսկ ի՞նչն են այդպես պահպանում՝ հատուկ կարևորության կառույցները», - փաստում է Նավալնին՝ ընդգծելով, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տներին ու դղյակներին անգամ կարելի է մոտենալ, իսկ այստեղ, իսկապես, խստագույն ռեժիմ է սահմանված։

2012-ի վերջին, ըստ «Դոժդի», կղզին, ուր կառուցված է առանձնատունը, անտառային ֆոնդից փոխանցվել է քաղաքին՝ իբրև թե հանգստյան գոտի կառուցելու համար, սակայն, հիմա Վիբորգի շրջանային իշխանություններն ընդունում են, որ այնտեղ որևէ հանգստավայր չկա։

Կրեմլը պաշտոնապես այս հետաքննությանը որևէ կերպ դեռ չի արձագանքել։ Նավալնին, սակայն, վստահ է՝ որևէ նորմալ երկրում նման բան չէր կարող լինել:

«Մարդիկ, որոնք Պուտինի համար բազմաթիվ տներ են կառուցել, հիմա այն տարածքում, որը պատկանում է Պուտինի մերձավոր ընկերոջը, նոր ամառանոց են կառուցում, որտեղ անվտանգության խստագույն ռեժիմ է սահմանված և որտեղ տեղական իշխանությունները հաճախ են տեսնում են Վլադիմիր Պուտինին, իսկ բոլորն ասում են՝ «մենք այդ մասին ոչինչ չգիտենք», - հայտարարում է ընդդիմադիր Նավալնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG