Մատչելիության հղումներ

Նոր տեսահոլովակում Նավալնին Մոսկվայի դատախազին «գող, ավազակ և կաշառակեր անասուն» է անվանում


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Մոսկվայի դումայի «Յաբլոկո» կուսակցության և կոմունիստ պատգամավորները պահանջել են ստուգել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու՝ վերջին տեսահոլովակում ներկայացրած տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի մայրաքաղաքի դատախազ Դենիս Պոպովը խախտել է օրենսդրությունը և հսկայական հարստություն ունի մերձմոսկովյան ավանում, Աստրախանի մարզում և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Իսպանիայում ու Չեռնոգորիայում:

Նոր տեսահոլովակում Նավալնին Մոսկվայի դատախազին «գող, ավազակ և կաշառակեր անասուն» է անվանում:

Նավալնու և նրա թիմակիցների դեմ վերջին ամիսներին իշխանությունները իսկական արշավ են սկսել: Տեսահոլովակում ընդդիմադիր գործիչն ասում է, թե կատարում է ցանկացած հրապարակման մեջ «արտասահմանյան գործակալ» նշելու պահանջը, սակայն այդ եզրույթը դրոշմելու է իրենց հետաքննության «հերոս» չինովնիկի ճակատին:

Նավալնին նաև բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի դատախազին ձերբակալելու պահանջով: Դենիս Պոպովին Ալեքսանդր Նավալնին մեղադրում է ապօրինի հարստացման և արտասահմանյան գույքը թաքցնելու մեջ:

Պոպովը ակտիվ դերակատարություն է ունեցել «Մոսկվայի գործի» շրջանակում հուլիսյան և օգոստոսյան բողոքի ակցիաների մասնակիցներին դատապարտելու գործում: Հիշեցնենք՝ խաղաղ ցույցերի մասնակիցներին դատապարտել են իրական անազատության:

Նավալնին իր նոր տեսահոլովակում ցույց է տալիս Պոպովի կնոջ և մոր անուններով գրանցված առանձնատներ և հյուրանոցներ Չեռնոգորիայում ու Իսպանիայում, թանկարժեք առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում և հսկայական ձկնորսական հանգստյան գոտի Աստրախանի մարզում:

Ընդդիմադիր գործիչը պնդում է՝ համեստ աշխատավարձ ստացող դատախազը միայն կաշառքով կարող էր նման հարստություն ձեռք բերել:

XS
SM
MD
LG