Միջնորդները պետք է հոգ տանեն, որ իրենց միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մինչև հիմա հրապարակավ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Եզրակացրեց՝ սա կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանից ունի տարածքային հավակնություններ։
Անցած տարվա պրահյան հանդիպումից հետո հղում արվեց Ալմա Աթիի հռչակագրին, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ավելի ուշ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հստակություն մտցրեց, որ տարածքային ամբողջականություն ասելիս կողմերը նկատի ունեն՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Վարչապետ Փաշինյանն այս ընթացքում մեկ անգամ չի ասել՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ակնկալելով, որ Ադրբեջանը նույնը կանի։
«Մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ, այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում: Եվ սա մեզ համար խիստ մտահոգիչ է ու կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից: Ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև մենք ճիշտ հակառակ գործընթացների ենք ականատես լինում, մասնավորապես, մինչ մենք խոսում ենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ տարածաշրջանի, ժողովրդի պաշարում, սովամահության դրդում: Կարևորում ենք պայմանավորվածությունների կյանքի կոչումը», - ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն այսօր Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսում էր հայտարարությունն անում։
Հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի. Բելգիայի ԱԳ նախարար
Ողջունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը, որը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հաջա Լահբիբը՝ Ադրբեջանի բարձր ղեկավարությանն էլ կոչ արեց նույնն անել։
Եվրոպացի պաշտոնյան Ադրբեջանի պարտավորությունը համարեց Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովումն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ասաց՝ սահմանափակումը սովի սպառնալիք է ստեղծում։ Նախարարի խոսքով՝ այս մտահոգությունները հաստատվել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ իր այսօրվա հանդիպման ընթացքում։
«Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պահպանել, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի, և ես ադրբեջանցի իմ գործընկերոջը կհիշեցնեմ այս մասին», - նշել է Հաջա Լահբիբը:
Բելգիայի արտգործնախարարը վստահեցնում էր՝ Երևանում հայտնած դիրքորոշումներն այս շաբաթ ավելի ուշ Բաքվում էլ կկրկնի։
Եվրոպացի դիվանագետի գնահատմամբ՝ Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Ասում էր՝ նոր խորհրդակցություններ են սպասվում, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Երևանում ու Բաքվում, թե ո՞ւմ միջև, ե՞րբ, չհստակեցրեց։ Նաև խոսեց փորձագետների, հանձնաժողովների ներկայության անհրաժեշտությունից, որոնք կկարողանան երկու ժողովուրդների միջև վերջ դնել թշնամանքին։
Հայաստանը տևական ժամանակ միջազգային փաստահավաք առաքելության մուտք է պահանջում Լեռնային Ղարաբաղ, արդյոք սրա մասին էր խոսում եվրոպացի պաշտոնյան, թե այլ նախաձեռնության, պարզ չդարձավ։
«Կարծում եմ՝ ԱՄՆ շատ լավ հասկանում են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը». Միրզոյան
Լրագրողներն Արարատ Միզոյանին խնդրեցին մեկնաբանել մամուլի տեղեկությունները, թե ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգներն է խոչընդոտում Լաչինի միջանցքի հարցով բանաձևի ընդունմանը։
Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցով անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը որևէ փաստաթղթի ընդունում չհետևեց։ Միրզոյանն ասաց՝ չի կարծում, թե ԱՄՆ-ը որևէ ձևով կցանկանա մաս կազմել էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը։
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը, ինչպես նաև գիտակցում, որ հնարավոր ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը կգար օգնելու՝ հանգուցալուծել, վերջ դնել հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցային օրակարգին», - ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:
Հաջորդ տարվանից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնող Բելգիայի արտգործնախարարին այսօր հանդիպել է նաև վարչապետ Փաշինյանը, շեշտել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար: