Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին այսօր կայացած հանդիպմանը անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտում: Նա կարևորել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումները և Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Վարչապետը շեշտել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար, ինչպես նաև կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը:
Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել է իր երկրի աջակցությունը Եվրոպական միության դիրքորոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է տիկին Լահբիբի այցը Հայաստան և ողջունել Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:
Հաջա Լահբիբի խոսքով՝ իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել հայ-բելգիական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ու ներդրումների ոլորտում: Նա հավելել է, որ բելգիացի գործարարների շրջանակում առկա է Հայաստանոււմ ներդրումային ծրագրեր իրականացնելու և բիզնես կապերը խորացնելու մեծ հետաքրքրություն: