Այն, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան ունեն որոշակի աշխարհաքաղաքական համատեղ շահեր, հետաքրքրություններ, այն, որ Ադրբեջանը և Թուրքիան Ռուսաստանի համար դարձել են, ընդ որում՝ նոր չեն դարձել, շատ ավելի կարևոր գործընկերներ, քան՝ Հայաստանը, սա, թերևս, փաստ է, և սրա հետ վիճել անհնար է այլևս: Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում հայտարարեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
Հարցը մեկ այլ տեղ է, ընդգծեց քաղաքագետը. - «Առաջինը՝ արդյո՞ք Հայաստանը Արցախի հարցում ունի Ռուսաստանին այլընտրանք: Որովհետև, գիտե՞ք, մեկ թեմա է բուն Հայաստանի՛ տարածքային ամբողջականության հարցում եղած այլընտրանքը, մեկ այլ թեմա է հենց Ղարաբաղի հարցում եղած այլընտրանքը: Եվ ինչքանո՞վ է այդ այլընտրանքը իրատեսական՝ առաջինը, ու երկրորդը՝ անգամ այդ այլընտրանքի պարագայում ռուսական կողմի պահվածքը և ռուսական շահերը դառնո՞ւմ են արդյոք սպառնալիք այդ այլընտրանքի պարագայում, թե՞ մնում են որպես երրորդ գործոն»:
Երկու հարցերի պատասխանն էլ, Քոչինյանի կարծիքով, «արցախյան թեմատիկայում մեզ համար հուսադրող չեն». - «Մինչև այս պահը մենք, ըստ էության, չենք տեսել հողի վրա առկա իրական այլընտրանք ռուսական առաջարկներին, ռուսական տարբերակներին Արցախի վերաբերյալ: Ըստ էության, երկու անգամ փորձ է արվել Նահանգների և հավաքական Արևմուտքի կողմից՝ գոնե հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև, և այդ երկու փորձերն էլ, ըստ էության, տապալվել են»:
«Այսինքն՝ պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ Արևմուտքն անգամ հանդիպում չի կարողանում կազմակերպել Արցախի իշխանությունների և Ադրբեջանի միջև, ինչը մեզ բերում է հետևյալին, որ կա, ըստ էության, երեք սցենար», - ասաց քաղաքագետը՝ մանրամասնելով. - «Առաջին սցենարը այն է, որ արցախահայությունը պարզապես դուրս է գալիս Արցախից, երկրորդը այն է, որ լինում է մեծ պատերազմ, ընդ որում՝ այդ մեծ պատերազմի հետևանքները կարծես թե կանխատեսելի են, երրորդ տարբերակն այն է, որ Լավրովը թուղթը, որը որ վերջերս Արցախում հրապարակվեց որպես ռուսական պլան, ռուսական ծրագիր, քայլ առ քայլ սկսում է իմպլեմենտացվել»:
«Եթե կա չորրորդ տարբերակ՝ այդ Լավրովի թուղթը է՛լ ավելի բարելավելու, ինչ-որ հավելյալ անվտանգային, օրինակ, երաշխիքներ այդտեղ մտցնելու, դիցուք՝ Արևմուտքի օգնությամբ, շատ ավելի լավ: Բայց եթե չկա, ես կարծում եմ՝ մենք ինքներս մեր մեջ պետք է բավականաչափ ուժ ու ռեալիզմ գտնենք՝ առերեսվելու համար իրականությանը: Որովհետև իրականությանը չառերեսվելը չի ազատում քեզ այդ իրականության ճիրաններից, այսպես ասած», - ամփոփեց Արեգ Քոչինյանը:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 20-ի հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.