Հայաստանցի պահեստազորային Գ. Ո.-ն ձերբակալվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ, պնդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորայինին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
«Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»», - նշված է հայկական կողմի հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն նաև հայտնում է, որ քննվում են Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները:
Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հաստատել է, որ ձերբակալել է հայ զինծառայողի՝ նրան անվանելով «դիվերսանտ»։ Ըստ Բաքվի՝ ձերբակալվածը Գագիկ Ոսկանյանն է։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նախորդիվ հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: