Մատչելիության հղումներ

Կրեմլում արդեն մտածում են 2024-ի նախագահական ընտրությունների մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով զրուցում է կառավարության անդամների հետ, արխիվ, Մոսկվա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով զրուցում է կառավարության անդամների հետ, արխիվ, Մոսկվա:

Հանրաքվեից հետո վստահ էին, որ սցենարը կաշխատի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2000 թվականից է իշխում երկրում: Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականին, և դրանց արդյունքներով նա չորրորդ անգամ է դարձել Դաշնության նախագահ:

ԿԸՀ-ի ամփոփիչ տեղեկանքի հրապարակումից հետո նա շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին հզոր աջակցության համար և հավաստիացրել է, որ իշխանության գերնպատակը կլինի ռուսաստանցիների կենսամակարդակի բարձրացումը:

2018-ին նա հայտնել է, թե չի առաջադրվի 2024-ին, քանի որ դա կհակասի մայր օրենքին, բայց 2020 թվականին Ռուսաստանում հանրաքվեով լրամշակել են Սահմանադրությունը, և դա նախագահին ընձեռել է ևս երկու անգամ առաջադրվելու հնարավորություն:

Այդպիսով, նախորդ բոլոր ժամկետները զրոյացվել են, և առնվազն տեսականորեն, Պուտինը կարող է նախագահել մինչև 2036 թվականը: Արդյոք կցանկանա՞ կամ ֆիզիկապես ի զորո՞ւ կլինի, դեռևս հայտնի չէ, սակայն իշխանությունը երկարաձգելու իրավական հիմքը երաշխավորված է:

2020 թվականի հանրաքվեից հետո իշխանությունը վստահ էր, որ սցենարն անվրեպ կիրագործվի, քանի որ միայն ինչ-որ աներևակայելի և արտառոց հանգամանք կարող է դա խափանել: Անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմը կարող է դառնալ նման հանգամանքներից մեկը:

Ռուսների խոփը դեմ առավ ուկրաինական քարին

Հզորությամբ մոլորակի երկրորդ բանակը կատաղի դիմադրության է հանդիպել ու մեծագույն դժվարությամբ և տասնյակ հազարավոր զոհեր տալով է նվաճում ուկրաինական տարածքներն, այդ թվում` Սոլեդարը, որի գրավման մասին այսօր է հաղորդվել:

Կրեմլի լրատվամիջոցների երբեմնի խանդավառությունն անհետացել է, այլևս չկան հավաստիացումներ, թե Կիևը մի քանի օրում կընկնի, Վլադիմիր Զելենսկու կառավարությունը կտապալվի, իսկ ուկրաինացիներն աղուհացով կդիմավորեն ռուս ազատարարներին: Հիմա արդեն Կրեմլը և դրա քարոզչամեքենան ընդունում են, որ այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիան» երկար կտևի:

Եվ այնուամենայնիվ, Պուտինի իշխանությունը երկարաձգելու 2020-ի նախագիծն արդեն մտնում է աշխատանքային օրակարգ:

«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, նախագահի աշխատակազմի ներքաղաքական հարցերով պատասխանատու անանուն պաշտոնյաներն ասել են, թե սցենարով ենթադրվում է, որ Պուտինը պետք է առաջադրվի հաջորդ ընտրություններում:

Հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեն 2024-ի մարտին

Դրանք, եթե ինչ-որ բան մինչ այդ չպատահի, պետք է տեղի տեղի ունենան 14 ամիս անց՝ առավել հավանական ժամկետը 2024 թվականի մարտի 17-ն է:

Նախընտրական արշավը Ռուսաստանում մեկնարկում է Դաշնության խորհրդի կողմից քվեարկության օրը սահմանելուց հետո, իսկ Դաշնության խորհուրդն իր որոշումը պետք է հայտնի 11 ամիս անց՝ այս տարվա դեկտեմբերին:

Նախորդ 2018 թվականի ընտրությունների մասին որոշումը կայացվել է 2017-ի դեկտեմբերին, Պուտինն էլ իր մասնակցության մասին դեկտեմբերի 6-ին է ասել: Այսօր նա 2024-ի մասին դեռ հրապարակավ չի խոսում:

Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, սցենարն ունի մի քանի տարբերակներ: Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի 20 շրջաններում նախատեսված են նահանգապետերի ուղիղ ընտրություններ և 16 շրջաններում՝ տեղական օրենսդիր մարմինների ընտրություններ:

Այս տարվա ՏԻՄ ընտրությունները՝ կարևոր քննություն

Դրանց ընթացքում ընտրողների տրամադրությունները շոշափելու նպատակով փորձնական կարգով շրջանառության մեջ կդրվեն և հանրության քննարկմանը կներկայացվեն հրատապ հարցերի լուծման տարբեր հայեցակարգեր:

Ռեգիոնալ ընտրությունները պետք է անցկացվեն ճիշտ այն պայմաններում, որոնցում տեղի կունենան 2024-ի ընտրությունները:

Կրեմլը սուբյեկտների ղեկավարներին հանձնարարել է կազմել բնակիչներին հուզող առավել հրատապ սոցիալական հարցերի ցանկը և ձեռնարկել միջոցներ սոցիալական ցանցերում մարդկանց տրամադրությունները գնահատելու և դրանք բարելավելու համար:

«Կոմերսանտի» աղբյուրները հայտնել են, որ Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչները վերջերս մի քանի հանդիպուmներ են անցկացրել ռուսաստանցի փորձագետների հետ:

2023-ի քվեարկության միացյալ օրվա կազմակերպմամբ զբաղվող մի պաշտոնյա «Կոմերսանտին» ասել է, որ հսկայական ծավալի աշխատանք է կատարվելու:

«Ընտրությունները կանցնեն հատուկ ռազմական օպերացիայի և արևմտյան սանկցիաների ու համաշխարհային լարվածության պայմաններում, մեծ դեր են կատարելու սոցիալական ցանցերը: Բացի այդ, ի հայտ է եկել ընտրողների նոր շերտ՝ մարդիկ, ովքեր անցել են հատուկ ռազմական օպերացիայով և նրանց ընտանիքները, բոլոր նրանք, որոնց ճակատագրերի վրա անմիջականորեն ազդել է օպերացիան»,- ասել է աղբյուրը:

2024-ի նախընտրական հավանական նշանաբանը միասնությունն է

Այս պահին դեռ վերջնականապես չի սահմանվել 2024 թվականի նախագահական ընտրությունների գաղափարախոսական հստակ բանաձևը, բայց ենթադրվում է, որ հիմքում կլինի միասնության թեզը:

Բնակիչներին կփորձեն համոզել, որ հայրենիքին վտանգ է սպառնում, դրսի ուժերը Ռուսաստանի դեմ դավեր են նյութում, դրա ապացույցն Ուկրաինայում պատերազմի ծանր ընթացքն է, Ռուսաստանը պարտավոր է հաղթել, իսկ հաղթանակի գրավականը միասնությունն է, դրա խորհրդանշանն ու առանցքն էլ գործող նախագահ Պուտինն է:

Հավանաբար, այդօրինակ նշանաբաններ են 2024 թվականի մարտին առաջարկվելու ռուսաստանցի ընտրողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG