Այս տարվա առաջին յոթ ամիսներին Ադրբեջանում 44 զինվորական է սպանվել, մեծ մասը՝ ոչ մարտական պայմաններում։ Այս մասին ասվում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած զեկույցում։
Ադրբեջանական ոչ կառավարական այդ կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, 9 զինծառայող սպանվել է ռազմական գործողությունների ընթացքում, 2-ը՝ ականի պայթյունի հետևանքով, մյուս 39 զինծառայողները զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում՝ 4-ը՝ «դժբախտ պատահարի», 7-ը՝ «հիվանդության հետևանքով», սպանություններից որոշները որակվել են որպես դժբախտ պատահար, անզգուշություն, մեծ մասի՝ 17 զինծառայողի մահվան դեպքում իրավապահները որպես պատճառ նշում են «ինքնասպանությունը»։
Կազմակերպությունը նշում է, որ 12 զինծառայող «ինքնասպան է եղել Հայաստանի հետ զինված հակամարտության գոտում», փաստելով նաև, որ վերջին շրջանում այդ թիվը կտրուկ աճել է։
Զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, Ադրբեջանի զինված ուժերի կորուստները 2003 թվականից մինչ օրս կազմում են 4 հազար 463 զինծառայող՝ 3 հազար 582-ը զոհվել է մարտական պայմաններում 881-ը՝ ոչ մարտական։
Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջեսուր Սումերինլին «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտարարել էր, որ խաղաղ պայմաններում ադրբեջանցի զինվորականների մահվան հիմնական պատճառը համարում է կոռուպցիան։
«Ոչ մարտական կորուստների թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում՝ չնայած Ադրբեջանի պաշտպանական բյուջեի ավելացմանը։ Իրականում հույս կար, որ զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունը հավուր պատշաճի կլինեն, բայց տեսնում ենք հակառակը։ Թվերը խոսում են այն մասին, որ ռազմական բյուջեի ավելացումը մեծ ազդեցություն չի ունեցել զինված ուժերում կադրային կարգապահության վրա», - ասել է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմական և այլ պետական գերատեսչություններ հաճախ թաքցնում են զինվորների մահվան դեպքերը, չեն ներկայացնում նաև պաշտոնական վիճակագրություն։