Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու փորձի վերաբերյալ հայտարարությանը, պնդել է, որ հայկական կողմը «առանց Բաքվի հետ համաձայնեցնելու է մարդասիրական բեռի անվան տակ ավտոշարասյուններ ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ»։
Ադրբեջանը վերստին այդ քայլը «անընդունելի սադրանք» է որակել ընդդեմ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»։
«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, այդ թվում՝ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է խուսափի նման սադրիչ քայլերից, աջակցի ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) և մյուս այլընտրանքային ճանապարհներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը պաշտոնական Երևանից պահանջել է նաև «չխոչընդոտել հայ բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»։
Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը։
400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։
Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում: