Մատչելիության հղումներ

Բաքուն Բորելին հակադարձում է, թե «Հայաստանը և հայերն են փակում այլընտրանքային ճանապարհները»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այան Հաջիզադե, արխիվ

«Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությունը, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա, ափսոսանք է հարուցում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ Բաքվում բարձր են գահատում հայ - ադրբեջանական կարգավորման ուղղությամբ Բրյուսելի գործադրած ջանքերը, սակայն համարում են, որ սխալ է «աչք փակել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վտանգող հայկական զինված ուժերի ոչ ամբողջական դուրսբերման, Ադրբեջանի տարածք ականների և զինամթերքի տեղափոխման, Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական պաշարների դուրսբերման վրա»։

«Ադրբեջանի օրինական գործողությունները որպես Լաչինի ճանապարհի փակում ներկայացնելը սկզբունքորեն սխալ է», - պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջան մեծ քանակությամբ բեռների փոխադրմանը, Ադրբեջանն առաջարկել է օգտվել «Աղդամ-Խանքենդի» և այլ այլընտրանքային ուղիներից՝ հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները: Չնայած Ադրբեջանի այս առաջարկին աջակցում են միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և ԿԽՄԿ-ն, Հայաստանի և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացողների կողմից ճանապարհները փակելով բեռների փոխադրմանը խոչընդոտելն ու կանխումը պարզ ապացույց է, որ «լարված հումանիտար իրավիճակի» մասին շահարկումները ոչ այլ ինչ են, քան՝ քաղաքական շահարկում», - ասված է Հաջիզադեի հայտարարությունում:

Եվրամիության բարձր ներկայացուցիչը հայտարարել է, մասնավորապես, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք: «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - ասված է Ժոզեպ Բորելի հայտարարությունում:

XS
SM
MD
LG