Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները


Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։

Ինչպես նշում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։

Կքննարկվեն Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, իսկ՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ «քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։

Նաև Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, հայտարարում է պաշտոնական Մոսկվան։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:

Վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են հունիսի 27-ին Վաշինգտոնում, իսկ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարները հանդիպել են մայիսի 19-ին։ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նախ՝ երկկողմ, ապա՝ եռակողմ հանդիպումներից հետո, Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ Երևանն ու Բաքուն մոտ են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերջնական համաձայնությանը, նաև մոտեցրել են դիրքորոշումները խաղաղության պայմանագրի շուրջ։

XS
SM
MD
LG