Մատչելիության հղումներ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը


Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների շուրջ համատեղ աշխատանքի ակտիվացմանն ուղղված քայլերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ՝ Բայրամովն ու Լավրովը քնննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միջոցառումները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և այս ուղղությամբ առկա դժվարությունները։ Այլ մանրամասներ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը չի հաղորդել։

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը։

XS
SM
MD
LG