Մատչելիության հղումներ

Հայաստանյան բանկերը կասեցնում են Unistream համակարգի սպասարկումը


Հայկական բանկերը մեկը մյուսի հետևից հայտնում են դրամական փոխանցումների ռուսական Unistream համակարգի սպասարկումը կասեցնելու մասին։

«Գումար փոխանցելու կամ ստանալու համար առաջարկում ենք օգտվել այլ համակարգերից». նախօրեին այսպիսի հաղորդագրություն տարածեց Կոնվերս բանկը։ Այսօր էլ Ինեկոբանկը հաղորդեց՝ Unistream-ն անհասանելի է:

Այս հաղորդագրություններում ռուսական համակարգի աշխատանքը կասեցնելու պատճառների մասին առևտրային բանկերը չեն հայտնում։ Ինեկոբանկից ավելի ուշ «Ազատությանը» միայն տեղեկացրին, որ սա ոչ իրենց որոշումն է, ոչ էլ Հայաստանի կենտրոնական բանկի։ Համակարգով փոխանցումներ կատարել պարզապես չի ստացվում։

Ռուսաստանից արտերկիր գումար ուղարկելու ամենահայտնի համակարգերից մեկից օգտվելը բարդացավ այն բանից հետո, երբ ռուսական այս ընկերությունը հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Հուլիսի 20-ին հրապարակված նոր ցանկում 5 ռուսական ֆինանսական ընկերությունների շարքում նաև Յունիստրիմն էր.

«Պատժամիջոցների կիրառումն ավելի է նվազեցնում Ռուսաստանի Դաշնության՝ համաշխարհային ֆինանսական համակարգ մուտք գործելու հնարավորությունը», - հայտարարում է Վաշինգտոնը:

Ռուսական մամուլը, ֆինանսական ոլորտի փորձագետներն այս օրերին ակտիվորեն քննարկում են նորությունը, լուծումներ փնտրում ու այդ թվում հենց Հայաստան գումար փոխանցելու այլ տարբերակներ առաջարկում։ Օրինակ՝ ռուսական Мир քարտերով փոխանցումները, IDpay համակարգը, ՎՏԲ բանկը, Սբերբանկը, էլեկտրոնային դրամապանակները և այլն։

Ուշագրավ է սակայն, որ այս տարեսկզբին քննարկելով սանկցիաների պատճառով առաջացած ֆինանսական գործարքների դժվարությունները, ռուսական կողմն առաջարկում էր հենց Unistream-ից օգտվել։

Ընկերությունը, որի համահիմնադիրներից է հայազգի Գագիկ Զաքարյանը, հուլիսի 20-ին հայտարարեց՝ չնայած սանկցիաների տակ հայտնվելուն գործընկների հետ աշխատանքն անխափան շարունակելու լուծումներ են մշակում. - «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պայմաններում աշխատելու պրակտիկան՝ Բանկը ենթակառուցվածքային լուծում է մշակել, որը թույլ է տալիս անխափան շարունակել աշխատանքը կանոնավոր ռեժիմով: Այն կիրականացվի հնարավորինս արագ», - հայտարարել է Unistream-ը՝ չմանրամասնալելով, թե այդ ինչ լուծում են գտել, և ոչ էլ հստակ ժամկետներ են նշել։

Ոլորտի փորձագետներն էլ չեն շտապում գնահատականներ տալ, թե այդ ինչպես է ռուսական ընկերությունը պատրաստվում շրջանցել սանկցիաները այն դեպքում, երբ ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների՝ Վրաստանի, Ղրզըզստանի առևտրային բանկերն են նաև հայտնում Unistream-ի անհասանելիության մասին։

Unistream-ը Ռուսաստանից գումար ուղարկելու ամենահայտնի համակարգերից մեկն է։ Ընկերությունն իրեն հենց այդպես էլ ներկայացնում է՝ իրենց միջոցով միգրատները գումար են ուղարկում ընտանիքներին։

2021 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով, Ռուսաստանից ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը ներկայիս փոխարժեքով շուրջ 400 միլիոն դոլար է կազմել։ Թե այս գումարից հենց Հայաստան որքան է փոխանցվել, ընկերության ֆինանսական հաշվետվություններում չգտանք։ 2021 թվականին Ռուսաստանից Հայաստան շուրջ 900 միլիոն դոլար էր փոխանցվել։ Այսինքն, միայն մի մասն է Unistream-ով ուղարկվել։

2022-ին էլ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ռեկորդ գրանցվեց՝ շուրջ 3 միլիարդ 600 միլիոն դոլար։ Unistream-ի ֆինանսական հաշվետվություններում, սակայն, նախորդ տարվա տվյալները չկային։ Առավել մանրամասն վիճակագրություն ստանալու, ինչպես նաև Unistream-ի կասեցման պատճառների մասին հարցեր ենք ուղղել Կենտրոնական բանկ։ Պատասխան առայժմ չունենք։

Անցած ամիս էլ հաղորդվեց, թե հայաստանյան բանկերն արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար արգելափակում են այստեղից արտահանված էլեկտրոնիկայի՝ սերվերների, միկրոչիպերի, պրոցեսորների դիմաց Ռուսաստանից եկող վճարումները։ Կենտրոնական բանկից չէին հերքել, որ առևտրային բանկերը խստացնում են իրենց քաղաքականությունը։ Արևմուտքի պնդմամբ, այդ սարքեր օգտագործվում են ռուսական ռազմարդյունաբերության մեջ։

XS
SM
MD
LG