«Հացահատիկի» գործարքի դադարեցումը պարենի համաշխարհային ճգնաժամի կհանգեցնի, ահազանգում է Արևմուտքը։ Ցորենի միջազգային գներն արդեն աճել են։
Պարենային անվտանգությունն անցնող շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից է ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի կողմից ուկրաինական նավանահանգիստներով հացահատիկի անխոչընդոտ արտահանման համաձայնագիրը չերկարաձգելու որոշումից հետո արևմտյան երկրները, Կրեմլին մեղադրելով, բարձրաձայնում են Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի աղքատ երկրներում զանգվածային սովի վտանգի մասին։
Ի՞նչ կարող է լինել Ռուսաստանից մեծ կախում ունեցող Հայաստանի շուկայում
Գործարքի դադարեցումը տեղակական շուկայում էական փոփոխությունների չի հանգեցնի, վստահեցնում են գործադիրից։ Տնտեսագետները, մինչդեռ, հնարավոր թանկացումները չեն բացառում։
«Հիմա կարծում եմ, այդ ավելցուկային ցորենը Ռուսաստանը փորձելու է իրացնել իր այլ գործընկերներին։ Այդ պարագայում չեմ կարծում գնի էական փոփոխություն լինի», - ասում է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։
«Եթե համաշխարհային շուկայում ցորենի գներն աճեն, միանշանական Ռուսաստանի Դաշնությունը իր ցորենի գինը ևս կվերանայի», - նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ցորենի միջազգային շուկան հիմա էլ է վայրիվերումների մեջ։ Սևծովյան գործարքը չերկարաձգելու Կրեմլի որոշումից հետո գները միանգամից բարձրացան, երկուշաբթի օրվա համեմատ գնաճն արդեն 13 տոկոսի է հասել։
Միջազգային գների, փոխարժեքի տատանումները սովորաբար միշտ էլ արտացոլվում են տեղական շուկայում, գնապիտակների վրա թվերը փոխվում են։ Պաշտոնական վիճակագրությամբ, օրինակ, 2 տարի առաջ 200 դրամով վաճառվող հացն այժմ շուրջ 230 դրամ է։
Հարցին, թե արդյոք այս իրադարձություններն ու գների տատանումները կազդեն հայաստանյան շուկայի վրա, և. եթե այո, ապա ինչպե՞ս ու ի՞նչ տոկոսներով, տնտեսագետ Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ դեռ վաղ է ասել. - «Նման գնահատական տալու համար պետք է ամբողջությամբ ուսումնասիրենք, հասկանանք Ռուսաստանի ցորենի շուկան, հատկապես արտահանման շուկան։ Դեպի Հայաստան Ռուսաստանը արտահանում է մոտավորապես 300-400 հազար տոննա ցորեն։ Սա բավականին փոքր ծավալ է իր արտահանման համար։ Եվ կարող է նույնիսկ, օրինակ, Հայաստանի պարագայում թույլ տալ էժան գների արտահանում իրականացնել՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքը»։
Հացահատիկի պահանջարկը Հայաստանում տարեկան 500 հազար տոննայից մի փոքր ավելի է, դրա զգալի մասը՝ ավելի քան 70 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից։ Անցած տարի 365 հազար տոննա ցորեն է ներկրվել։
Այսինքն՝ Հայաստանի հացահատատիկային ինքնաբավությունը 30 տոկոս էլ չի կազմում։ Ու չնայած գործադիրից էլ են պարբերաբար շեշտում տեղական ցորեն ունենալու կարևորության մասին՝ տարեցտարի վարելահողերի մակերեսը նվազում է։ Եթե 2018-ին Հայաստանում 67 հազար հեկտար ցորենի դաշտ կար, անցած տարի թիվը հասել է 56 հազար 800-ի։
Այստեղ արտադրվող ցորենը ընդամենը 4 ամիս կբավականացի, ընդգծում է Պարսյանը. - «Մենք շարունակում ենք ցածր ինքնաբավություն ունենալ ցորենի մասով, որը հանդիսանում է առաջին անհրաժեշտության ապրանք։ Իրավիճակը էլ ավելի վատթարացավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, քանի որ մենք Արցախից նաև ստանում էինք 70 հազար տոննա ցորեն։ Հիմա դրանից էլ ենք զրկվել»։
Ռուսաստանն ու Ուկրաինան ցորեն արտահանող ամենախոշոր երկրներից են։ Անցած տարի պատերազմի մեկնարկից հետո ամբողջ աշխարհը սկսեց խոսել պարենային անվտանգության խնդիրների մասին։
Հայաստանի իշխանություններն էլ անմասն չէին մնում՝ կոչ անելով շատ հողեր մշակել։ «Այս տարի, բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով, ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, ու գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ», - անցած տարի հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այդուհանդերձ, տարվա ընթացքում ցորենի վարելահողերը չավելացան, դեռ մի բան էլ ավելի քան 2000 հեկտարով նվազեցին։ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն ասում է՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքը, վարելահողերը, որտեղ կարող է ցորեն աճեցվել, ինքնաբավության մաքսիմալ մակարդակը կարող է հասնել մինչև 35-40 տոկոսի. - «Որոշակի ծրագրեր գործում են պետության կողմից սուբսիդավորվող, և այս պայմաններում, կարծում եմ, որոշակիորեն նաև ինքնաբավության մակարդակը կբարձրանա»։
Ռուսաստանի փորձագիտական շրջանակները ևս գործարքի դադարեցումից հետո քննարկում ու հաշվում են, թե Կրեմլի որոշումն ինչպես կազդի հենց Ռուսաստանի վրա։