Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազություն են հրավիրվել Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին՝ Վարդիթեր Խաչատրյանն ու Գարիկ Առուստամյանը, տեղեկանում ենք Արդարադատության նախարարության azdarar.am կայքից։
Սեդրակ Առուստամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է 2002-ից։
Ծանուցման մեջ նշվում է, որ վերջիններիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Ըստ դատախազության՝ Առուստամյանները դատախազություն կարող են ներկայանալ ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր, սակայն միաժամանակ նշում է, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023-ի օգոստոսի 3-ին։
Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրենի անունը կապվում է 3 քրեական գործերի հետ։ Մեկն առնչվում է Երևանի Աբովյան փողոցի վրա 2018-ին ընկերության ձեռնարկած հյուրանոցի կառուցմանը։ Այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։ Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։
Հաջորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Առուստամյանն այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:
Առուստամյանը նաև անցնում է ընտրակաշառքի գործով։ Նա երեք գործով էլ մեղադրանքը չի ընդունում։