Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը


«Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, արխիվ
«Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, արխիվ

Երեկ երեկոյան ձերբակալվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Առուստամյանի փաստաբան Դավիթ Մանթաշյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Առուստամյանը ձերբակալվել է անհեթեթ կասկածանքով, և իր պաշտպանյալն այն չի ընդունում։ Հետևաբար ձերբակալման որոշումն արդեն բողոքարկել են դատարանում։

Մեր հարցին, թե արդյոք ձերբակալությունը կապվա՞ծ է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ, ինչի մասին գրել էր մամուլը, փաստաբան Դավիթ Մանթաշյանն ասաց, թե մանրամասներ հայտնելու իրավունք չունի՝ կապված նախաքննական գաղտնիքի հետ։

Սեդրակ Առուստամյանը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որի մեջ ընդգրկված են բազմաթիվ ընկերություններ։ Նրա դուստրը՝ Նորա Առուստամյանը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է:

XS
SM
MD
LG