Նախօրեին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել երկրի ազգային տոնի կապակցությամբ, որին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել՝ բացի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանից և մի քանի պատգամավորներից։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սովորաբար դեսպանի ելույթին հաջորդում է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի շնորհավորական խոսքը, ինչն այս անգամ տեղի չի ունեցել։
«Թուրանը» նշում է, որ Բաքվի այդ դեմարշը պայմանավորված է Ֆրանսիայի «հայամետ դիրքորոշմամբ»։
Ադրբեջանական լրատվամիջոցի համաձայն, Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը, այդուհանդերձ, շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերներին, ովքեր «երկար տարիներ պահպանում և զարգացնում են ամուր հարաբերությունները երկու երկրների միջև տնտեսական, ակադեմիական և գիտական, մշակութային և կրթական ոլորտներում»։
Չնայած Փարիզի և Բաքվի միջև լարվածությանը՝ երկու երկրները շարունակում են ակտիվ տնտեսական համագործակցությունը, Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիան այդ երկրի առաջատար առևտրային գործընկերներից է։
Այս շաբաթ էլ հայտնի դարձավ, որ ֆրանսիական խոշոր ընկերություններից մեկը՝ TotalEnergies-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ համատեղ սկսում է ադրբեջանական «Աբշերոն» գազային կոնդենսատային հանքավայրում արդյունահանում իրականացնել։