Մատչելիության հղումներ

Դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել


Գլխավոր դատախազությունից հաստատեցին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու փաստը, միաժամանակ տեղեկացրին, որ Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել:

Այսօր ավելի վաղ այս գործով անցնող տուժողների փաստաբաններն էին հայտարարել, որ երեկ ստացվել է Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի տեղակալի որոշումը Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին՝ հիմքով, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համար Վիգեն Սարգսյանի գտնվելու վայրն անհայտ է։

2018-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Սարգսյանը մեղադրվում է իր լիազորություններից դուրս գործողություններ կատարելու համար։ Իրավապահները պնդում են, որ Պաշտպանության նախարարությունը 2 տարի ղեկավարած Սարգսյանը հանձնարարել է երևանյան նորակառույցում բնակարաններ տալ 26 զինվորականի և 3 քաղաքացիականի։ 2018 թվականին բնակարան են ստացել նրանք, որոնց տվյալները հերթացուցակներում չեն եղել կամ էլ նրանք, որոնց բնակարան ստանալու հերթը դեռ չէր հասել։ Սարգսյանը երկրից բացակայում է 2019-ից, երբ հարուցվել է այս գործը։

XS
SM
MD
LG