«Պաշտոնական Բաքվի առաջնահերությունը 44-օրյա պատերազմի արդյունքների ամրագրումն է», - կիրակի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«44-օրյա Հայրենական պատերազմից և դրանում մեր հաղթանակից հետո մեր գլխավոր առաջնահերությունը այդ հաղթանակի ամրագրումն է իրավական և դիվանագիտական մակարդակներում, դրա ընդունումը միջազգային հանրության կողմից։ Դրա հետ մեկտեղ շարունակվում են այս հարցը բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն ուղղված ջանքերը», - հայտարարում էր ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
«Վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները ինտենսիվ բնույթ են ձեռք բերել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ընթացքում մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի ղեկավարի հետ։ Ակնկալվում է, որ այդ մակարդակի շփումները առաջիկայում կշարունակվեն՝ տարատեսակ միջազգային համաժողովների ընթացքում։ Արտգործնախարարների միջև բանակցությունները ևս ընթացքի մեջ են։ Դրան էլ գումարած, գոյություն ունի փոխվարչապետերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը։ Այդ ֆորմատում քննարկվում են հաղորդակցության ուղիների վերաբացման և սահմանների դելիմիտացիայի խնդիրները։ Մոտ ապագայում ևս մեկ հանդիպում է նախատեսվում նաև այս ուղղությամբ», - հայտարարում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Ջեյհուն Բայրամովը անդրադարձավ նաև Լաչինի միջանցքում ստեղծված կացությանն ու Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ անցած շաբաթավերջին հնչեցրած հայտարարություններին։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ընթացքում Երևանին և Բաքվին կոչ էր արել «բոլոր խնդիրները լուծել բացառապես քաղաքական- դիվանագիտական միջոցներով», ինչպես նաև ադրբեջանական կողմին հորդորել էր «ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրասնպորտային միջոցների և քաղաքացիական բեռների անխափան տեղաշարժը»։
«Վերջին երկուսուկես տարում, ինչպես նաև 30-ամյա օկուպացիայի ընթացքում, մենք տասնյակ, հարյուրավոր, անգամ հազարավոր նման կոչեր ենք լսել։ Իհարկե, դրանք անհրաժեշտ է լսել, կարևորը նաև դրանք վերլուծելը: Մենք, սակայն, մեր քաղաքականությունն իրականացնում ենք ոչ թե որևէ մեկի կոչերով առաջնորդվելով, այլ ելնելով մեր ազգային շահերից։ Եվ մենք վստահ ենք, որ այդ քաղաքականությունը դրական արդյունքների է հանգեցնելու», - Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը հակադարձում էր Ջեյհուն Բայրամովը։
«Բաքուն միշտ էլ շահագրգիռ է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացման մեջ»
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը երեկ չշրջանցեց նաև Իրանի հետ հարաբերությունների թեման՝ պնդելով, որ վերջին շրջանում այս առումով որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում։ Դրա հետ մեկտեղ, ըստ Ջեյհուն Բայրամովի, պաշտոնական Բաքվի համար առաջնահերթություններն այս հարցում չեն փոխվել։ «Նախևառաջ պետք է կոնկրետ արդյունքներ ապահովվեն հունվարին Ադրբեջանի դեսպանատան դեմ կատարված հարձակման հետաքննության շրջանակներում», - պնդում էր Ադրբեջանի արտգործնախարարը։
«Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման հետաքննությունը մոտենում է ավարտին և մենք ակնկալում ենք, որ դրա մեղավորները խստագույն պատիժ կկրեն։ Այն բանից հետո, երբ մեր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը լիարժեքորեն ապահովված կլինի՝ հնարավոր կլինի խոսել նաև դրա գործունեության վերականգնման մասին», - նշում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ջեյհուն Բայրամովի խոսքով, ի դեպ, Ադրբեջանում տեսնում են, որ Թեհրանը ևս հակված է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք տեսնում ենք, որ Իրանը հակասությունները հաղթահարելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու մտադրություններ ունի է։ Այդ դեպքում Ադրբեջանը ևս պատրաստ կլինի համարժեք և փոխադարձ քայլեր կատարել», - հայտարարում էր Բայրամովը։
«Բաքուն միշտ էլ շահագրգիռ է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացման մեջ։ Վերջին շրջանում ճիշտ է, երկկողմ հարաբերություններում լարվածություն է ծագել և դրա համար բավական լուրջ պատճառներ կային։ Չնայած դրան, մենք բարձր ենք գնահատում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի այցը Բաքու, նրա մասնակցությունը Չմիացած պետությունների համաժողովին, ինչպես նաև նախարարի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - հայտարարում էր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։