Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցելու է եկող շաբաթ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ավելի վաղ ուկրաինական կողմն ասում էր, թե Ուկրաինայի նախագահը Վիլնյուսի գագաթնաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե հանդիպմանը իրական քայլեր ձեռնարկվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ։ Ստոլտենբերգը սակայն այսօր միայն հայտարարել է, որ գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները կհայտարարեն Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին և կորոշեն Կիևի համար բազմամյա օգնության փաթեթը։
Սպիտակ տանը տեղյակ են եղել ամերիկացի նախկին պաշտոնյաների և Կրեմլի միջև ոչ պաշտոնական շփումների մասին
Սպիտակ տունը հաստատել է, որ իրենք տեղյակ են եղել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և Կրեմլի գործող ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփումների մասին։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ընդգծել է, թե Սպիտակ տունը չի աջակցում նախկին պաշտոնյաների գործողություններին, քանի որ Բայդենի ադմինիստրացիան կարծում է, որ պատերազմի ավարտի բանակցությունները չեն կարող վարվել առանց Ուկրաինայի. - «Մենք չենք աջակցում նման քննարկումներին, և մեր աշխատակինցերից որևէ մեկը դրանց չի մասնակցել։ Նախագահը հստակ ասել է՝ ոչինչ չենք քննարկում Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի»։
Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի նախկին պաշտոնյաները ապրիլին Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Թե որքան հաճախ է խումբը, որի կազմում եղել են նաև Պենտագոնի նախկին պաշտոնյաներ, գաղտնի հանդիպումներ ունեցել Կրեմլին մոտ կանգնած բարձրաստիճան ռուսների հետ, հայտնի չէ: Այս խմբի ներկայացուցիչներից առնվազն մեկն այցելել է Ռուսաստան, հաղորդում է հեռուստաալիքը։ Ալիքի աղբյուրները պնդում են, որ նրանք, ովքեր հանդիպել են Լավրովի հետ, հետագայում այդ մասին հայտնել են Սպիտակ տանը։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան NBC News-ի տեղեկատվությունը «կեղծ» և «ապատեղեկատվություն» է անվանել։
Պատերազմի սկզբից ի վեր Թուրքիան, Չինաստանը, Վատիկանը, աֆրիկյան երկրները հանդես են եկել խաղաղության նախաձեռնություններով։
Կրմելի խոսնակն այսօր կրկին հայտարարել է, թե Մոսկվան բաց է բանակցությունների համար, սակայն այսօր դրա համար որևէ հիմք չկա․ - «Ռուսական կողմը երբեք չի փակել բանակցային գործընթացի դուռը, բայց առայժմ մենք բանակցային գործընթացի հեռանկար չենք տեսնում»։
Դմիտրի Պեսկովի խոսքով, ո'չ Կիևը, ո'չ Արևմուտքը բանակցությունների պատրաստակամության որևէ նշան ցույց չեն տալիս։
Կիևն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ չի գնալու տարածքային զիջումների և մտադիր է վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները, այդ թվում՝ 2014 թվականին բռնակցված Ղրիմը։
Պատերազմի ամեն օրվա ընթացքում նաև խաղաղ բնակիչներ են զոհվում
Լվովում նախօրեի ռուսական հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է տասի։ Առավոտյան գտել են մահացած կնոջ դի։
Լվովի վրա թևավոր հրթիռի հարձակման արդյունքում, մասնավորապես, ամբողջությամբ ավերվել են բազմաբնակարան շենքի երեք մուտքերի վերին երկու հարկերը։ Տասը մարդ զոհվել է, քառասուներկուսը՝ վիրավորվել։
Այս գիշեր էլ ռուսները Ուկրաինային հարվածել են 18 անօդաչու սարքերով, ուկրաինական կողմի հաղորդում է, որ իրենց ՀՕՊ-ը խոցել է դրանցից 12 ը։ Դնեպրոպետրովսկի մարզում երկու մարդ է մահացել՝ խոցված դրոնի բեկորներն ընկել են նրանց մեքենայի վրա։
Ռազմաճակատում իրավիճակի էական փոփոխություններ, դատելով կողմերի հաղորդումներից, վերջին ժամերին չեն եղել
Հունիսի սկզբին սկսած հակահարձակումը հաջողությամբ շարունակելու համար ուկրաինական կողմը մեծ քանակությամբ արևմտյան սպառազինություն է անհրաժեշտ, ինչի մասին Ուկրինայաի իշխանությունները պարբերաբար հայտարարում են։ Վերլուծաբանները բազմիցս գրել են, որ Արևմուտքը, հատկապես Եվրոպան, պարզապես չունի այնքան զենք, որքան անհրաժեշտ է ուկրաինական բանակին։
Համաշխարհային տնտեսության ինստիտուտի Kilsky զեկույցի համաձայն, մինչև այժմ Ուկրաինան ստացել է խոստացած զենքի միայն կեսից մի փոքր ավելին, իսկ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նոր մատակարարման պարտավորությունները նվազել են:
«Ռազմական օգնությունը գնալով ավելի կարևոր է դառնում, քանի որ պատերազմը ձգձգվում է Ուկրաինայի հարձակողական պլանների ֆոնին: Սակայն խոստացված և տրամադրված օգնության միջև տարբերությունը մեծ է», - նշված է զեկույցում:
Այդուամենայնիվ, Եվրամիությունը հայտարարել է դաշինքի անդամ 27 երկրներում զինամթերքի և հրթիռների արտադրությունն արագացնելու որոշման մասին։ Ընդգծվում է, որ պլանը հավանության է արժանացել սեփական պաշտպանությունն ապահովելու և Ուկրաինային օգնելու համար։ Ակտը պետք է ստորագրվի մինչև ամսվա վերջը։ Խոսքը 500 միլիոն եվրոյի հրատապ հատկացման մասին է։ Մարտին եվրոպացի առաջնորդները պայմանավորվել էին մեծացնել զինամթերքի մատակարարումները Ուկրաինա։