Մատչելիության հղումներ

Ըստ The New York Times-ի՝ Վաշինգտոնը պատրաստ է կասետային զինամթերք տրամադրել Կիևին


ԱՄՆ-ից Ուկրաինա փոխադրվող զինամթերքը:
ԱՄՆ-ից Ուկրաինա փոխադրվող զինամթերքը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային տրամադրել կասետային զինամթերք: Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է New York Times օրաթերթը. որի համաձայն, նախաձեռնությանը հավանություն է տվել Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա:

Ենթադրվում է, որ համապատասխան որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Այս տարվա հունիսին ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Լաուրա Կուպերը հայտնել է, որ կասետային զինամթերքը կարող է ազդել ռազմի դաշտում իրավիճակի վրա և նպաստել ուկրաինական բանակի առաջխաղացմանը հատկապես ռուսների կողմից գերամրացված պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Կասետային զինամթերքը մարտագլխիկ է, ռումբ կամ հրետանային արկ, որը լիցքավորված է տարատեսակ պայթուցիկներով:

2010 թվականին ուժի մեջ է մտել կասետային զինամթերքի արգելման միջազգային համաձայնագիրը, որը ստորագրել են 123 երկրներ, սակայն միայն 110-ն են վավերացրել

Եվրոպական երկրներից այդ փաստաթուղթը չեն ստորագրել Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Հունաստանը, Վրաստանը, Լատվիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆինլանդիան և Էստոնիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG