Մարմնի անկառավարելի ցավերն օր-օրի սաստկանում են, կյանքը մղձավանջի է վերածվել։18 տարի շարունակ թմրանյութեր օգտագործած տղամարդն այսօր մեծ դժվարությամբ փորձում է ազատվել կախվածությունից։
Ներկայանալ չցանկացավ, բայց պատմեց թմրանյութի սարսափելի հետևանքների մասին։ Հույս ունի, որ հատկապես երիտասարդները կլսեն ու չեն փորձի անցնել իր ճանապարհով. - «Ոնց որ ես իմ թշնամին ըլնեմ։ Իմ համար էդի դժոխք ա։ Կարող ա ես լոմկից մահանամ։ Էդ ցավը մարմնիս մեջ մի վայրկյանվա մեջ բութ մատից մինչև գլխիս մազի ծերը ինքը այդ տենց արագությամբ հելնում-իջնում ա... Կխնդրեմ հեռու մնալ տենց բաներից»։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ԱԺ-ում վերջրես հայտարարել էր՝ այս տարվա առաջին եռամսյակում արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության ավելի քան 300 դեպք են արձանագրել, փակվել են դրանց վաճառքով զբաղվող շուրջ 15 տելեգրամյան ալիքներ։ Նախորդ շաբաթ էլ Պետեկամուտների կոմիտեն էր հայտարարել՝ Բրազիլիայից Հայաստան եկող ուղևորներից մեկի մարմնում շուրջ 300 հազար դոլար արժողությամբ 1216 գրամ կոկաին են հայտնաբերել։
Օրերս իրավապահները քրեական գործ են հարուցել 8 երիտասարդների նկատմամբ։ Վերջին 4 տարիներին այս խումբը տելեգրամյան շուրջ 7 խանութ -հարթակներով թմրանյութ է վաճառել։ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով, երիտասարդներն ավելի քան 1 մլրդ դրամի «փողերի լվացմամբ» են զբաղվել։
«Գործի քննության ընթացքում այս գումարն առնվազն կրկնապատկվել է», - ասում է գործը քննող քննիչներից Նարեկ Աբգարյանը՝ նշելով, որ համացանցում թմրանյութեր վաճառողները պարբերաբար նոր մեթոդներ են կիրառում։ - «Ինչպես թմրամիջոց ձեռք բերող անձինք, այնպես էլ իրավապահները ակտիվորեն հետևում են նշված էջերին և գործողություններ են իրականացնում նշված էջերի մասով։ Բնականաբար գիտենք էդ բոլոր ուղիները. թմրամիջոցները ոչ թե հանձնվում են ձեռք բերողին, այլ թաքցվում են տարբեր վայրերում, օրինակ՝ շքամուտքերում, տարբեր խաղահրապարակներում։ Ցավալին նա է, որ թմրամիջոցները որոշակի դեպքերում քողարկվում են քաղցրավենիքի փաթեթների մեջ»։
Քննիչը հորդորում է բացատրել երեխաներին, որ գունավոր փաթեթավորմամբ կոնֆետներ դրսում կամ շքամուտքում տեսնելիս պետք չէ վերցնել, անծանոթների այդպիսի հյուրասիրությունները մերժել, շրջապատում անհանգիստ փնտրտուքով տարված մարդ տեսնելիս իրավապահներին դիմել։
Մինչդեռ չներկայանալ ցանկացած մեր զրուցակիցը, որ հիմա կախվածության դեմ է բուժվում ասաց, թե հաճախ հենց իրավապահներն են զբաղվում թմրանյութի վաճառքով։
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը «Ազատության» եթերում հաստատել էր, որ բացահայտվել են թմրամիջոց օգտագործող աշխատակիցներ։ Միայն անցած տարի, ըստ նրա, թմրամիջոցի օգտագործման փաստով 10 ոստիկան է աշխատանքից ազատվել։
Արդյո՞ք թմրանյութերից կախվածություն ունեցողները ստանում են պատշաճ օգնություն
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը միակ կառույցն է, ուր նման խնդրով մարդիկ կարող են դիմել։
«Սա փոխարինող բուժման բաժանմունքն է, որտեղ 533 պացիենտ շաբաթական մեկ անգամ ստանում են փոխարինող բուժում՝ հեղուկ մետադոնի տեսքով, որը ջրով նոսրացվում է։ Օրվա դեղաչափը խմում են տեղում, վեցօրյա դեղաչափը տրամադրվում է իրենց», - փոխանցեց կենտրոնի աշխատակիցը։
2022-ին այս կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել թմրամիջոցներից կախվածություն ունեցող 163 մարդ, 2021-ին՝ 124։ Ավելի մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք կախվածությունը հաղթահարելու համար կենտրոնից դեղեր են ստանում։ Հիմա կետրոնում այդպիսի 529 մարդ է հաշվառված, 2021-ից հետո թիվն ավելացել է շուրջ 80-ով։
Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը մտահոգված է՝ դիմողները հիմնականում երիտասարդներն են, կան նաև անչափահասներ ու կանայք. - «Ցավալիորեն վերջին շրջանում Հայաստանում տարածված թմրամիջոցների անգամ մենանգամյա գործածումից կարող է առաջանալ մահվան ելքով գերդոզավորում։ Պսիխոտիկ խանգարումների առկայության դեպքում կարող են առաջանալ սուիցիդալ մտքեր։ Ներարկային գործածման դեպքում մեծ է ռիսկը արյան միջոցով փոխանցվող վարակների տարածման։ Խոսքը վերաբերում է առաջնահերթ վիրուսային հեպատիտներին և ՄԻԱՎ-ին։ Խորհուրդ եմ տալիս երբեք չլսել, չենթարկվել թմրամիջոցների, այսպես ասած, լավ էֆեկտը գովազդող և թմրամիջոցի գործածում առաջարկող, խորհուրդ տվող անձանց»։
Պաշտոնական տվյալներով, 2021-ի համեմատ 2022-ին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 743 դեպք, մեկ տարվա ընթացքում թիվն աճել է ավելի քան 76 տոկոսով (76,3 տոկոս): 95 տոկոսով էլ աճել է թմրանյութերի իրացման բացահայտված դեպքերի թիվը։
Չնայած այս տվյալներին, 18 տարի թմրանյութեր օգտագործած մեր զրուցակիցը դեռևս որևէ խոշոր մատակարարի բացահայտման մասին չի լսել։ Շուրջ երկու ամիս առաջ հայտարարվեց, որ Հայաստան ներմուծված մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, սակայն մինչև օրս պարզ չէ, թե ում թողտվությամբ է խոշոր ծավալի թմրանյութն անարգել Հայաստան մտել։
Մինչ թմրանյութերի շրջանառությունը շարունակում է աճել, և անգամ վարչապետ Փաշինյանն է դա ազգային անվտանգության խնդիր համարում, բժիշկներն զգուշացնում են՝ հատկապես ամֆետամինը, որն ավելի հայտնի է կրիստալ անունով ու արագորեն վաճառվում է տելեգրամյան ալիքներիով, առաջին իսկ օգտագործումից է քայքայում նյարդային բջիջները։ Հետո օգտագործողը ստիպված է լինեում դրա չափաբաժինն ավելացնել, սրա վերջն էլ մահն է։