Մատչելիության հղումներ

«2023-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդեն 324 դեպք»․ աճել է թմրանյութ օգտագործող անչափահասների ու կանանց թիվը


Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։

Թմրամիջոցները, հիմնականում, վաճառվում են օնլայն տիրույթում, արդյո՞ք ոստիկանությունն ունի բավարար տեխնիկական միջոցներ պայքարելու նման կերպով թմրադեղերի իրացման դեմ, երեկ խորհրդարանում պատգամավորները հետաքրքրվեցին Ներքին գործերի նախարարից։

Վահե Ղազարյանի խոսքով՝ համացանում թմրադեղերի վաճառքի դեպքերն ուսումանասիրելու համար հատուկ բաժին են ստեղծել։

«2023 թվականին հայտնաբերվեց 143 դեպք բոլորիս հայտնի Տելեգրամ կանալով։ Նախատեսում ենք ավելի ընդլայնել այդ բաժինը և սարքել վարչություն», - ասաց Ղազարյանը։

Մասնագետները բարձրաձայնում են, որ աճել է թմրանյութեր օգտագործող անչափահասների ու կանանց թիվը։

Ներքին գործերի նախարարը երեկ նշեց՝ թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ռազմավարություն են մշակել, սահմանային անցակետերում հատուկ վարժեցված շների միջոցով հսկողությունն են խստացնում, այլ երկրների հաջողված փորձերն են ուսումնասիրում, առաջիկայում էլ օրենսդրական փոփոխությունների առաջարկով հանդես կգան։

«Ազատության» զրուցակիցներից մեկը, որ ներկայանալ չցանկացավ, մտահոգված էր՝ իր եղբայրը տելեգրամյան ալիքով է սկսել թմրանյութեր գնել, երկարատև օգտագորման հետևանքով էլ հիմա հոգեբուժարաններից մեկում է։ Ասաց՝ եթե իրավապահներն այդքան լավ են աշխատում, ապա ինչո՞ւ է իրենց բաժին հասած դժբախտությունը շարունակաբար տարածվում։

«Միանգամից դարձանք հոգեկան հիվանդ, ես թաղայինին էլ եմ ասել, որ խնդրում եմ՝ իրիկունները մի քիչ դուք շատ ման եկեք ու կտեսնեք՝ հաշվիչների մեջ են տանում դնում, տանիքների վրա են դնում, տեղ է, որտեղ սլաքը դրված է, մարդիկ գնում են, գումարն ինչ-որ հաշվեհամարի փոխանցում են և գնում էդտեղից վերցնում են», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Ներքին գործերի նախարարն ընդունում է՝ խնդիրը լուրջ է, ավելին՝ ինքն է թվեր հրապարակում։

Ըստ Վահե Ղազարյանի՝ տարեսկզբից մինչև հիմա թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք են արձանագրել, 122-ը իրացման, իսկ 150-ը պահելու դեպքեր են եղել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG