«Եթե ոստիկանական համակարգում որևէ խնդիր չտեսնեինք, ոստիկանության բարեփոխումները պարզապես չէինք մեկնարկի», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Սարգսյանն ընդգծեց՝ «բարեփոխումներն իրենցից լայնածավալ գործողություններ են ենթադրում, և մենք չենք կարող բացառել հընթացս տարբեր խախտումների արձանագրման հանգամանքները»:
Անդրադառնալով ծեծով ցուցմունք կորզելու վերաբերյալ հարցին, փոխնախարարը պատասխանեց. - «Ոստիկանությունն արդեն իսկ հարցաքննությունների իրականացման առումով որևէ առնչություն չունի, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքն արդեն իսկ դա տեղափոխում է Քննչական մարմինների տիրույթ, հետևաբար, կարծում եմ, հարցի հասցեատերը Քննչական կոմիտեն է»:
«Մենք ինքներս արձանագրել ենք, որ հաճախ զորքերի գործողությունների արդյունքում եղել են անհամաչափ ուժի կիրառման կամ ոչ պատշաճ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր, այս տեսանկյունից շատ կարևոր թիրախ է մեզ համար, որ սահմանված լինի օրենսդրական ակտով սկզբում այն հստակ չափորոշիչները, երբ կարելի է ուժ կիրառել, համաչափության սահմանները հստակ նախատեսենք, որովհետև այսօր շատ երկընտրելի են մեկնաբանությունները. մի դեպքում կարող ենք մեկնաբանել, որ դա համաչափության կանոնների մեջ է, մեկ այլ դեպքում՝ շատ նեղ է սահմանը մեկնաբանության: Մեր առջև խնդիր ենք դրել, որ ոստիկանական գվարդիայի մասին նոր օրենքում կտանք այն երաշխիքները, որոնց ուժով, դրանից հետո այս երկընտրելի մեկնաբանությունները չեն լինի»:
Արփինե Սարգսյանը նշեց, նայելով տարիների կտրվածքով ոստիկանական աշխատանքին, կարող է մարդկանց մոտ ոստիկանների անպատիժ մնալու վերաբերյալ առկա լինել օբյեկտիվ անհանգստություն:
«Եթե մենք ոստիկանական համակարգում որևէ խնդիր չտեսնեինք, ոստիկանության բարեփոխումները պարզապես չէինք մեկնարկի և նման քաղաքական բարձր հարթակներում չէր նշվի այս ռեֆորմների իրականացման կարևորությունը, ուստի, բնականաբար, տարբեր ոլորտներում օբյեկտիվ մտահոգությունները կան», - ընդգծեց նախարարի տեղակալը:
«Ումրշատյանի պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել ծառայողական անհրաժեշտությամբ»
Հարցին՝ «Համերի» գործով, ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին Պարեկային ծառայության պետ Ումրշատյանը և այն ոստիկանը, որը փորձում էր «Համերին» կանգնեցնել, սայթաքեց, ընկավ», Սարգսյանը պատասխանեց՝ Ումրշատյանի պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել ծառայողական անհրաժեշտությամբ:
«Ասել, որ անտեղի են ազատումները եղել կամ ընդհանրապես որևէ խախտում չի եղել դեպքի շրջանակներում, սա օբյեկտիվ պնդում լինել չի կարող, որովհետև մեր ծառայողական քննության արդյունքները ևս փաստել են այդ մասին», - ասաց նա: