Բարիկադներ, լուսաձայնային նռնակներ, հրդեհ, թալան, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում՝ 17-ամյա դեռահասի սպանությանը հաջորդած անկարգությունների ընթացքում։ Երրորդ օրը շարունակվող բազմահազարանոց բողոքի ցույցերի ավելի քան վեց հարյուր մասնակից բերման է ենթարկվել, առնվազն 200 հարյուր ոստիկան վնասվածքներ են ստացել։
Երկրում ստեղծված քաոսը ստիպել է նախագահ Էմանյուել Մակրոնին ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում մեկնարկած Եվրամիության գագաթնաժողովին, չեղարկել պլանավորված մամլո ասուլիսը և վաղաժամ վերադառնալ Փարիզ, որտեղ նա պետք է գլխավորի միջկառավարական ճգնաժամային խմբի նիստը, հայտնում է Ելիսեյան պալատը։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնը չի բացառել երկրում արտակարգ ռեժիմ սահմանելու հնարավորությունը, հաղորդում է BMFTV հեռուստաընկերությունը։
Ֆրանսիան ցնցած սպանությունը տեղի է ունեցել Փարիզի հյուսիս-արևմտյան Նանտեր ավանում։ Նաել անունով 17-ամյա վարորդը հրաժարվել էր ենթարկվել ոստիկանի պահանջին և կանգնեցնել իր վարած մեքենան, ինչից հետո պարեկություն իրականացնող ոստիկաններից մեկը մահացու կրակ է բացել երիտասարդի ուղղությամբ։ Ոստիկանը, որի անունը չի հրապարակվում, ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության հոդվածով։ Ամբաստանյալի փատաբան Լորան Ֆրանկ -Լյենարը հայտարարել է, որ իր պաշտպանյալն «այն անձը չէ, ով առավոտյան զարթնում է որպեսզի մարդ սպանի», և զղջում է տեղի ունեցածի համար։
«Առաջին բառը, որը նա արտաբերել է, ներողությունն էր»,- հայտարարել է սպանությունն իրականացրած ոստիկանի փաստաբանը՝ պնդելով, որ նա «գործել է վայրկյանների ընթացքում, երևի սխալվել է, հետաքննությունը ցույց կտա»։
Մինչ քննությունը փորձում է պարզել, թե որքանով էին իրավաչափ ոստիկանի գործողությունները, արդյո՞ք հնարավոր էր չսեղմել ատրճանակի ձգանը», արդարադատության պահանջով հազարավոր երիտասարդների խաղաղ ցույցը շուտով վերածվել է անկարգությունների։ Իրադրությունը կտրուկ սրվել է սպանության պաշտոնական վարկածին հակասող տեսանյութի հրապարակումից հետո, ըստ որի ոստիկաններից մեկը զենքը պահում է վարորդի վրա, և երբ մեքենան հեռանում է, ոստիկանը կրակոց է արձակում վարորդի կրծքի վրա։
Նախագահ Մակրոնը սպանությունն անվանել է «անբացատրելի և աններելի», կոչ անելով վերջ տալ բռնություններին և հանդարտություն դրսևորել, «որպեսզի արդարադատությունը կարողանա հաղթի»։ Ցուցարարները, սակայն, ի նշան բողոքի Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Թուլուզում, Անսիում և այլ քաղաքներում հրկիզել են մեծ թվով խանութներ, հիմնարկներ և ավտոմեքենաներ, հարձակումների շարք են իրականացրել անվտանգության ուժերի, ոստիկանական բաժանմունքների վրա, թալանվել են Փարիզի կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ Լուվրի թանգարանի մոտ գտնվող մի շարք խանութներ, հրկիզել են նաև Փարիզի ավտոբուսների կայարանաններից մեկը, աղբավայրեր, ջարդուփշուր արել կանգառներ, ցուցափեղկեր։
Ֆրանսիական կառավարությունը գործի է դրել ընդհանուր առմամբ մոտ 40 հազար ոստիկան։ Ֆրանսիական քաղաքներից բացի, բողոքը հասել է ընդհուպ մինչև Բրյուսել, որտեղ ավելի քան մեկ տասնյակ մարդ է բերման ենթարկվել։ Ծագումով Ալժիրից 17-ամյա տղայի սպանությունը, սակայն, էլ ավելի է սրել մինչ այդ էլ գոյություն ունեցող լարվածությունը ֆրանսիական ոստիկանության և երկրի անապահով շրջաններում ապրող երիտասարդության միջև։
«Նա փոքրիկ տղա է տեսել արաբական արտաքինով և ցանկացել է կյանքից զրկել», - France 5 հեռուստաընկերության հետ զրույցում ասել է սպանված երիտասարդի մայրը՝ կոչ անելով ֆրանսիական արդարադատությանը կոշտ գործել։
«Ոստիկանը չի կարող վերցնել ատրճանակը և կրակել մեր երեխաների վրա, զրկել նրանց կյանքից», - հավելել է նա։