Մատչելիության հղումներ

Մակրոնը զանգվածային անկարգությունների պատճառով լքել է ԵՄ գագաթնաժողովը և շտապ վերադարձել Փարիզ


Ֆրանսիա, զանգվածային անկարգություններ:
Ֆրանսիա, զանգվածային անկարգություններ:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկրում շարունակվող զանգվածային անկարգությունների և ընդհարումների կապակցությամբ լքել է Բրյուսելում գումարված Եվրոպական միության գագաթնաժողովը և շտապ վերադարձել է Փարիզ:

Նախագահը պետք է մասնակցի ճգնաժամային հանձնաժողովի նիստին: Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները սպանել են ճանապարհային պարեկության ծառայողների պահանջին չենթարկվող 17-ամյա վարորդին:

Ըստ ֆրանսիական մամուլի, նրա անունը Նահել է, ագգանունը չի հրապարակվում: Պատանին արաբական ծագում ուներ, և հենց այդ հանգամանքն է զանգվածային վրդովմունք առաջացրել ծագումով արաբ Ֆրանսիայի բնակիչների շրջանում:

Ըստ մամուլի, սպանության հետ առնչություն ունեցող ոստիկանը հայտնել է, որ չափազանց ընկճված է, քանի որ պատանուն կյանքից զրկելու մտադրություն չի ունեցել: Նրա լիազորությունները սառեցված են:

Ոստիկանի փաստաբան Լորեն Լենարն ասել է, որ հրազենի կիրառումը թելադրվել է արտակարգ ողբերգական հանգամանքներում:

«Նա գործել է վայրկյանների, գուցե մեկ վայրկյանի հազարերորդականի ընթացքում: Երևի սխալվել է, հետաքննությունը ցույց կտա»,- ասել է փաստաբանը:

Միջադեպը տեղի է ունեցել Իլ դը Ֆրանս շրջանում՝ Նանտեր ավանում, որտեղ երիտասարդ վարորդը հրաժարվել է կանգնեցնել իր վարած մեքենան:

Նրա սպանությունից հետո մայրաքաղաք Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Թուլուզում, Անսիում և այլ քաղաքներում սկսվել են զանգվածային անկարգություններ, հրզիկվել են մեծ թվով խանութներ, հիմնարկներ և ավտոմեքենաներ, կան հարյուրավոր ձերբակալվածներ, կան տուժածներ ոստիկանների ու բողոքի ակցիաների մասնակիցների շրջանում:

Փարիզում չեն բացառում, որ կառավարությունը կարող է ընդունել Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշում:

XS
SM
MD
LG